​Երևանում մեկնարկել է Երևանի Օփեն մրցաշարը

5-րդ միջազգային մրցաշար


Երևանում մեկնարկել է շախմատի Երևանի Օփեն ամենամյա միջազգային մրցաշարը:Այս օրերին միջազգային շախմատասերների ուշադրությունը նաև Երևանի կողմն է: Այս տարի աշխարհագրությունն ընդլայնվել է: Մասնակցում է ավելի քան 290 շախմատիստ, որից 71-ը՝ միջազգային կոչում ունեցող, այդ թվում՝ 23 միջազգային գրոսմայստեր՝ 13 երկրից: Առաջին տուրի մեկնարկից առաջ տեղի ունեցավ բացման արարողությունը, որին մասնակցում էին Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը, ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը և ֆեդերացիայի նախագահության անդամները: Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահը շեշտեց, որ չնայած նրան, որ Հայաստանը դժվար օրեր է ապրում, բայց մեր երկիրը պատրաստ է ընդունել միջազգային մրցաշարերն ամենաբարձ մակարդակում:

Մրցաշարի առաջին համարը միջազգային գրոսմայստեր Կարեն Գրիգորյանն է՝ 2643 վարկանիշով: Երկրորդ տեղում օրեր առաջ Ծաղկաձորի մրցաշարում հաղթանակած Հնդկաստանի հավաքականի թեկնածու, միջազգային գրոսմայստեր Աբհիմանյու Պուրանիկն է: Հայ շախմատիստների թվում են նաև լեգենդար Ռաֆայել Վահանյանը, Արցախից՝ Հովիկ Հայրապետյանը, Արթուր Դավթյանը, Հրայր Սիմոնյանն ու այլոք:

9 տուր շարունակ մասնակիցները կպայքարեն 15 մլն դրամ մրցանակային ֆոնդի համար: Հոկտեմբերի 3-ին 5-րդ տուրի ավարտից հետո կանցկացվի նաև ավանդական դարձած բլից մրցաշարը: