Սեպտեմբերի 2-ին Երևանի և Արցախի շախմատի ֆեդերացիաների միջև տեղի ունեցավ Արցախի անկախության օրվան նվիրված հատուկ մրցաշար: Իր ձևաչափով այն նմանատիպ առաջին մրցաշարն էր:
«Ուզում եմ շնորհավորել հայ ժողովրդին, Հայաստանի, Արցախի և սփյուռքի մեր հայրենակիցներին Արցախի Հանրապետության անկախության օրվա առթիվ: Մենք որոշեցինք շախմատային յուրովի ձևով տոնել այս պատմական օրը և երկու ֆեդերացիաների նախաձեռնությամբ ունենալ գեղեցիկ և հատկանշական մրցաշար, որին մասնակցում են շախմատիստներ երկու կողմերից»,-նշեց Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը:
Յուրաքաչյուր թիմում հանդես եկան 10-ական մասնակիցներ՝ 2-ական գրոսմայստեր, 5-ական տղա և 2-ական աղջիկ շախմատիստներ: Երևանի թիմում խաղացին ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը, գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը և Հրայր Սիմոնյանը, ՖԻԴԵ-ի վարպետության թեկնածու Ռոբերտ Փիլիպոսյանը, շախմատիստներ Արմեն Գալաջյանը, Ժորես Միտոյանը, Էդգար Հայրապետյանը, Վաչե Քոչարյանը, Անահիտ Մկրտչյանը, Սոնա Կրկյաշարյանը:
Արցախի թիմից խաղատախտակները կիսեցին ֆեդերացիայի նախագահ Ջիվան Հայրապետյանը, գրոսմայստերներ Մանուէլ Պետրոսյանը և Հովիկ Հայրապետյանը, շախմատիստներ Ալեքս Մանուկյանը, Սևակ Մանուկյանը, Տիգրան Պետրոսյանը, Մխիթար Սարգսյանը, Դավիթ Գրիգորյանը, Մանե Ադամյանը, Էլինա Նազարյանը:
Մրցաշարային արդյունքներով՝ 23:17 հաշվով հաղթեց արցախյան թիմը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին Ստեփանակերտում համագործակցության հուշագիր կնքվեց Երևանի և Արցախի շախմատի ֆեդերացիաների միջև, որը ենթադրում է համագործակցության լայն շրջանակ՝ փորձի փոխանակումից մինչև ուսումնամարզական հավաքներ, փոխայցեր և այլն: