Գաբրիելան վստահ է՝ դառնալու է շախմատի աշխարհի չեմպիոն ու Հայաստանին ապացուցի, որ այն միայն տղաների համար չէ: Արդեն 3 տարի բոլոր երազանքները կապված են շախմատի հետ: Լավ է հիշում, թե ինչպես մեծ եղբայրը մի օր տուն եկավ ու բացեց շախմատային գիրքը: Ինքն այդ ժամանակ ընդամենը 4 տարեկան էր, ու երբ տատիկը սկսեց առաջին քայլերը բացատրել, եղբորից արագ ընկալեց ու որոշեց շախմատ սովորել: 5 տարեկանը լրանալուն պես հաճախեց շախմատի, այժմ սովորում է Էրեբունու մարզադպրոցում:
Առաջին շախմատային օրերը ուրախությամբ է հիշում. հենց այդ ժամանակ հասկացավ, որ առանց շախմատի իր օրերը պատկերացնել հնարավոր չէ: Երբ նոր էր շախմատային դպրոց հաճախում, գնում էր տուն, հավաքում բոլոր տիկնիկներին ու բարձրաձայն բացատրում դպրոցում սովորածը: Ինքն ամենաարագն էր սովորում, իսկ տիկնիկներն այդպես էլ չսովորեցին, անգամ ամենասիրելի Սոֆա տիկնիկը:
Գաբին շախմատում սիրում է հաղթել, սակայն երբ հաղթանակը ոչ միշտ է հաջողում չի տխրում. չէ՞ որ ինքնավստահությունն իր ամենաուժեղ հատկանիշներից մեկն է: Այժմ որոշել է՝ այլ մասնագիտություն ձեռք բերել չի ուզում, իր տարերքը միայն շախմատն է: Մյուս դասերը որքան հնարավոր է արագ է վերջացնում, որ շախմատ պարապի: Ասում է՝ ժամերով կարող է նստել խաղատախտակի առջև և չհոգնել:
Շախմատիստուհին Երևանի պատանիների և աղջիկների առաջնության ընթացքում մինչև 10 տարեկան աղջիկների պայքարում զբաղեցրել է երրորդ տեղը, մինչև 8 տարեկանների մրցապայքարում՝ առաջին հորիզոնականը: Ամենասիրելի շախմատիստը Յուդիթ Պոլգարն է, որի անունը կրող առցանց մրցաշարում ևս զբաղեցրել է առաջին հորիզոնականը:
Այժմ իր ուժերն է չափում Երևանի գավաթի առաջնությունում: Առաջին փուլին վատ արդյունք չի ցուցաբերել, չնայած կարծում է՝ կարող էր ավելի լավ խաղալ:
Հիմա միայն ցանկանում է՝ որքան հնարավոր է շուտ վերադառնալ իր սիրելի դպրոց ու խաղը շարունակել խաղատախտակի առջև՝ դեմ առ դեմ: