Նա 11 տարեկան է, բայց արդեն հաջողակ է. շախմատիստ Տիգրան Ղարիբյանի պատմությունը


«Շախմատային անցուդարձ» թեմայի շրջանակում զրուցել ենք 1-ին կարգի շախմատիստ Տիգրան Ղարիբյանի հետ: Նա պատմել է, թե ինչպես սկսեց շախմատ խաղալ, ե՞րբ պարտությունից հետո լացեց, բայց որոշեց, որ պետք է շարունակի շախմատ խաղալը:

11-ամյա Տիգրան Ղարիբյանը շախմատի խաղատախտակի առջև նստած վերհիշում է անցած խաղն ու փորձում գտնել, թե ինչ սխալներ է թույլ տվել: Խաղն ընդմիջվում է Տիգրանի շախմատային պատմությունը լսելու համար: Նա սկսեց շախմատ խաղալ, երբ տան հին, մեծ շախմատը որոշեցին դեն նետել.

«Երբ 5 տարեկան էի, պապս հարցրեց, թե ուր է այդ շախմատը: Տանեցիներն ասացին, որ այն նետել են: Դրանից հետո տատս ու պապս որոշեցին, որ պետք է գնամ շախմատի», - պատմում է Տիգրանը:

Այդ ժամանակ Տիգրանը չգիտեր, թե շախմատն ինչ է, ինչպես են խաղում: Երբ գնաց շախմատի դպրոց, սովորեց քայլերը, հասկացավ, որ այդ խաղը շատ է սիրում.

«Ինձ սկսեց դուր գալ: Լավ հիշողություն ունեմ, կարողանում էի հիշել քայլերը, մարզիչս ասաց, որ շարունակեմ գալ», - ասում է նա:

Տիգրանին հաղթանակները հեշտությամբ չեն տրվում: Սկզբից, երբ պարտվում էր, նեղվում էր, սակայն մեծանալուն զուգահեռ ավելի հեշտ էր տանում պարտությունները.

«Պարտվելուց ավելի մեծ դաս ես քաղում, ավելի շատ բան ես սովորում: Պարտությունից հետո վերանայում ես խաղդ, տեսնում ես, թե որտեղ ես սխալներ արել և մյուս անգամ այդ սխալները չես կրկնում»:

Ընտանիքում Տիգրանին փորձում են միշտ մոտիվացնել, որպեսզի շարունակի խաղալը, բայց երբեք չեն էլ ստիպել, որ իր կամքին հակառակ գնա շախմատի.

«Եղել են դեպքեր, որ պարտությունս շատ ծանր եմ տարել, լացել եմ: Հայրս ասաց, որ եթե չեմ ուզում, կարող եմ այլևս չգնալ շախմատի, բայց ես լացելով գնացել եմ, որովհետև շատ եմ սիրում շախմատը», - պատմում է Տիգրանը:

Տիգրանը շախմատին մեծ ժամանակ է հատկացնում, բայց դրան զուգահեռ նաև հասցնում է դպրոցի դասերն անել: Ասում է` հաջողության հասնելու համար պետք է կարողանալ կառավարել ժամանակը.

«Ամառային արձակուրդների ժամանակ շատ ժամանակ եմ ունենում: Այդ ժամանակն օգտագործում եմ շախմատ խաղալու վրա: Օնլայն քիչ եմ խաղում, ավելի շատ նախընտրում եմ իրական շախմատ խաղալը, որովհետև այդ ժամանակ դու կարող ես դիպչել քարերին, սա շատ կարևոր է ինձ համար»:

Շախմատ խաղալուց բացի, Տիգրանը նաև կարդում է շախմատային գրքեր, նայում է հայտնի շախմատիստների խաղերը: Տիգրանի սիրած շախմատիստը Ռոբերտ Ֆիշերն է.

«Ֆիշերը պրոֆեսիոնալ կերպով է շախմատ խաղում: Այնպիսի դիրքերով է խաղում, որ լավ արդյունքներ է գրանցում»:

Հիմա Տիգրանն անում է ամեն ինչ, որ շախմատում կարողանա մեծ արդյունքներ գրանցել: Ասում է` շախմատը դաստիարակում է, կրթում ու նոր երազանքներ տալիս: