«Շախմատը խելացի խաղ է. ես սիրում եմ ժամանակս ճիշտ օգտագործել». Լիլիա Դանիելյան


«Շախմատային անցուդարձ» թեմայի շրջանակում զրուցել ենք 11-ամյա շախմատիստ Լիլիա Դանիելյանի հետ։ Նա պատմել է, թե ինչպե՞ս սկսեց շախմատ խաղալ, նաև անկեղծացել է և պատմել, թե ինչպե՞ս է պարտությունները տանում։ Լիլիան խոսել է նաև իր շախմատային կարիերայի մասին։

Լիլիա Դանիելյանը շախմատ սկսեց խաղալ 7 տարեկանում։ Հիմա 1-ին կարգի 1 բալ ունեցող շախմատիստ է։ Խելացի խաղի հանդեպ սերը մոր միջոցով փոխանցվեց։ Հիշում է՝ մայրն էր միշտ ասում, որ շախմատը լավ խաղ է։ Դպրոցում անցնում էր շախմատ, բայց ընտանիքում որոշեցին, որ պետք է պրոֆեսիոնալ շախմատով զբաղվի։

«Գիտեի, թե շախմատը շատ հեշտ խաղ է։ Պետք էր մի քանի քայլով հաղթել հակառակորդին։ Հետո, երբ հասկացա խաղը, կենտրոնացա խաղի ընթացքի վրա», - պատմում է Լիլիան։

Լիլիան կարծում է, որ շախմատում կարևոր է դիրքային խաղը, ոչ թե ծուղակները։ Պետք է կարողանաս ճիշտ խաղալ, հասկանալ, թե որ դիրքում ես։ Պատանի շախմատիստին դուր է գալիս միջնախաղը։

«Սկզբնախաղերը այդքան էլ չեմ սիրում, դրանց ուշադրություն չեմ դարձնում, որովհետև հետո խաղը շարունակվելու Է։ Ինձ դուր է գալիս խաղի ընթացքը՝ միջնախաղը», - ընգծում է Լիլիան։

Շախմատը ընտանեկան խաղ է դարձել։ Ընտանիքում էլ են շախմատ խաղում, միասին լուծում են շախմատային խնդիրները։ Մայր ու աղջիկ ժամանակ են անցկացնում շախմատ խաղալով։

«Լինում է, որ ընկերներս, ծանոթացներս հարցնում են, թե ինչու եմ շախմատ խաղում։ Ես պատասխանում եմ, որ այն կարևոր է յուրաքանչյուր անհատի ինքնազարգացման համար։ Ուշադրություն չեմ դարձնում բացասական կարծիքներին», - ասում է պատանի շախմատիստը։

Պարտությունները Լիլիան սկզբից ծանր է տանում։ Հետո հույզերը մի կողմ է դնում ու ավելի մարտական պատրաստվում հաջորդ խաղին։ Պարտությունից հետո անցնում է խաղի վերլուծությանը։

«Հարձակողական շախմատն եմ սիրում, բայց ոճս դեռ չեմ գտել։ Կապ չունի, թե ում հետ եմ խաղում։ Կարևոր է, որ ուշադիր լինեմ», - պատմում է Լիլիան։

Մրցաշարերին Լիլան երկար է պատրաստվում։ Ֆիզիկական ու հոգեբանական պատրաստվածությունը առաջնային է։ Խաղից 1 շաբաթ առաջ հոգեբանորեն է պատրաստվում մրցաշարին. իրեն տրամադրում է, որ պետք է լավ խաղա։ Լիլիա Դանիելյանն իր կարիերան շախմատում է տեսնում, ասում է՝ առանց դրա կյանք չունի։ Ուզում է, որ իր անունը տարիներ անց լավագույնների կողքին հայտնվի։