«Արդար խաղն է, որ կարող է քեզ դաստիարակել». ինչպե՞ս շախմատը փոխեց Անի Նահապետյանին


«Շախմատային անցուդարձ» թեմայի շրջանակում զրուցել ենք տասնամյա շախմատիստ Անի Նահապետյանի հետ։ Նա պատմել է սխալվելու, ժամանակի արդյունավետ կառավարման և իրական շախմատի մասին։

5 տարեկան էր, երբ շախմատի խաղաքարերը սկսեց տեղաշարժել խաղատախտակի վրա։ Հիմա արդեն 5 տարի է, ինչ պրոֆեսիոնալ շախմատով է զբաղվում։ Անի Նահապետյանը շախմատ խաղալ սովորեց «կողքից նայելով»։ Հոր ու եղբոր շախմատային «տնային» մրցաշարը Անիի համար դարձավ ուղենիշ. որոշեց՝ ինքն էլ պետք է շախմատ խաղա։

«Ինձ դուր է գալիս միջնախաղը։ Դա վճռորոշ պահ է։ Եթե սխալվեցիր, պարտվում ես», - պատմում է Անին։

Անիի համար շախմատում հետաքրքիրն այն է, որ չգիտես, թե դիմացինդ ինչ քայլեր կանի։ Լինում է, որ չես էլ նկատում, թե ինչու այդպիսի քայլ արեց։ Անին ընգծում է՝ պետք է ուշադիր լինել նման դեպքերում, այլապես պարտվելու շանսերը կմեծանան։

«Ժամանակս հիմնականում տրամադրում եմ շախմատին, բայց նաև հասցնում եմ դասերս անել, տեսնել ընկերներիս, լողով եմ զբաղվում։ Կարծում եմ, որ շախմատիստները պետք է կարողանան իրենց ժամանակը արդյունավետ կառավարեն», - ասում է Անին։

Անին սիրում է իրական շախմատ խաղալ։ Օնլայն խաղերն այնքան էլ սրտովը չեն։ Այդտեղ միշտ ռիսկի գործոնը կա. վատ կապ, սխալ հպում և խաղի ելքը կարող է այլ լինել։

«Իրական շախմատում նման բաները բացառված է։ Այն շատ արդար խաղ է։ Ես դրա համար եմ սիրում այս խաղը», - ընդգծում է Անին։

Շախմատն Անիի կյանքում շատ բան է փոխել։ Ուղեղի մարզումը տասնամյա աղջկան օգնել է, որ դպրոցում էլ լավ արդյունքներ ցույց տա։ Լավ արդյունքներ Անին ցույց է տալիս նաև շախմատում։ Հիմա իր միակ նպատակը շախմատում բացարձակ առաջատարի տիտղոս նվաճելն է։ Ասում է՝ բարդ է, բայց պետք է հասնի։