«Շախմատային անցուդարձ» թեմայի շրջանակում զրուցել ենք կանանց ֆիդեի վարպետ Մարիամ Ավետիսյանի հետ: Նա պատմել է, թե ինչպես շախմատը դարձավ իր կյանքի անբաժան մասը:
Մարիամ Ավետիսյանը շախմատով սկսեց զբաղվել 9 տարեկանից: Ասում է` ճիշտ է, ուշ է սկսել, բայց դա չխանգարեց, որ արագ հասնի արդյունքի: Հիմա կանանց ֆիդեի վարպետ է:
«Ընդհանրապես, սպորտով շատ եմ սիրում զբաղվել: Շախմատն էլ դարձավ այն հիմնական սպորտաձևը, որն իմ առօրյայի անբաժան մասն է: Ամեն ինչ շատ պատահական ստացվեց: Մեր թաղամասում շախմատի ակադեմիա բացվեց, ես էլ որոշեցի ուժերս այս ոլորտում փորձել»:
Մարիամը հիշում է իր կարիերայի մինչև այս եղած ամենահետաքրքիր և հիշարժան խաղը: Հայաստանի պատանիների առաջնությանը ցուցադրած խելացի խաղաոճի շնորհիվ նա դարձավ Հայաստանի չեմպիոն:
«Խաղի ժամանակ զոհաբերեցի երկու ֆիգուրները` փղերը: Ճիշտ է, այդ զոհաբերություններից մեկը չընդունվեց մրցակցիս կողմից, բայց այն վճռորոշ դարձավ, և ես հաղթանակ գրանցեցի: Երկրորդ անգամ դարձա Հայաստանի չեմպիոն»:
Պարտությունները Մարիամը ծանր է տանում: Լինում են իրավիճակներ, երբ խաղից հետո հուզվում է, սակայն ուժերը վերագտնելու մեթոդ միշտ էլ գտնում է:
«Եթե պարտություն գրանցում եմ այն ժամանակ, երբ մինչև այդ լավ դիրքում էի, շատ ծանր եմ տանում: Ես դա համարում եմ մեծ սխալ և երկար ժամանակ է պահանջվում, որպեսզի վերականգնվեմ»:
Շախմատային մրցաշարերին Մարիամը հատուկ է պատրաստվում: Օրվա գրեթե մեծ մասը հատկացնում է շախմատային մարզումներին:
«Պարտադիր ուսումնասիրում եմ մրցակցիս խաղաոճը: Նայում եմ, թե ինչ խաղեր է խաղացել, ինչ դիրքերով: Սա մի մեծ հետաքննություն է, որը և´ կարևոր է, և´ հետաքրքիր»:
Մարիամի գերնպատակը շախմատային կարիերայի գագաթնակետին հասնելն է: Ասում է` շախմատը խաղը ինտելեկտուալների խաղն է, իսկ ինտելեկտուալներ մեր հասարակությանը շատ են պետք: