«Ես 8 տարեկան եմ և ուզում եմ գրոսմայստեր դառնալ, որ երկրիս պատիվը բարձր պահեմ». Գոռ Դաբաղյան



«Շախմատային անցուդարձ» թեմայի շրջանակում զրուցել ենք 8-ամյա շախմատիստ Գոռ Դաբաղյանի հետ։ Նա խաղում է շախմատ 3 տարի։ Ասում է՝ սկզբից որոշել էր, որ երկար չի խաղա, բայց հետո սիրահարվեց խաղին։ Հիմա Գոռի մեծ երազանքն է միջազգային գրոսմայստերի կոչում ձեռք բերելը և այդ ճանապարհն ինքը կանցնի նոր գիտելիքներ ձեռք բերելով։

8-ամյա Գոռը շախմատ սկսեց խաղալ 3 տարի առաջ՝ եղբոր օրինակին հետևելով։ Սկզբից որոշել էր, որ երկար չի զբաղվի շախմատով, սակայն, երբ սկսեց խաղալ, տարվեց այդ խաղով ու որոշեց շախմատում փորձել իր ուժերը։

«Ես որոշել էի որոշ ժամանակ գնամ շախմատի, իսկ հետո՝ այլ սպորտի։ Ինձ շախմատում դուր եկավ ամեն ինչ. շախմատի դպրոցը, խաղաոճը», - պատմեց Գոռ Դաբաղյանը։

Գոռի սիրած խաղաքարը նավակն է։ Շեշտում է՝ գեղեցիկ խաղ էստացվում, երբ նավակներով հակառակորդին մատ է անում։ Պատանի շախմատիստը սիրում է հարձակողական ոճում շախմատ խաղալ։ Ասում է՝ չի սիրում պաշտպանվել, այլ սիրում է միայն առաջ գնալ։

«Պաշտպանվել էլ է պետք։ Եթե ռիսկի ես դիմում, բայց տեսնում ես, որ վտանգավոր դրության մեջ ես հայտնվում, ապա պետք է պաշտպանվել», - ընգծում է շախմատիստը։

Շախմատ խաղալով Գոռը սովորել է երկար մտածել, ուժեղացրել է հիշողությունը և նրա մտքից ոչ մի դրվագ չի վրիպի։ Հիմա Գոռի մեծ երազանքն է միջազգային գրոսմայստեր դառնալը։ Ասում է՝ այդ ճանապարհը բարդ է, դժվարություններով լի, բայց կհասնի իր երազանքին։