«Շախմատային անցուդարձ» թեմայի շրջանակում զրուցել ենք 9-ամյա շախմատիստ Դանիել Սիմանովսկու հետ: Նա պատմել է, թե ինչպես կարելի է սիրել շախմատն ու մեծ նպատակների հետևից գնալ արդեն փոքր տարիքից:
9-ամյա Դանիել Սիմանովսկին շախմատով սկսեց զբաղվել 5 տարեկանից: Պատահական մի օր եղբայրը որոշեց փոքր եղբորը շախմատ խաղալ սովորեցնել: Դանիելը շատ հավանեց խաղն ու որոշեց շարունակել:
«Ինձ դուր է գալիս շախմատային տակտիկան: Սա ինտելեկտուալ խաղ է, որտեղ պետք է մտածել ամեն քայլ անելիս: Ես հետո հասկացա, որ այս խաղը նաև հեշտացնում է քո կյանքը: Միշտ փորձում եմ ճիշտ որոշումներ կայացնել և ամեն քայլ անելիս մտածում եմ, թե դա ինչ հետևանքներ կարող է ունենալ»,- ասաց Դանիելը:
Դանիելը սիրում է սպիտակներով խաղալը: Ասում է` մեկ քայլ առաջ ես հակառակորդից ու հաղթանակի ավելի հեշտ կարող ես հասնել:
«Եթե սևերով եմ խաղում, ապա կենտրոնացումս ավելի եմ ուժեղացնում: Պետք է ճիշտ տակտիկա մտածել, քայլերն անել հաշվարկներով», - ընդգծեց 9-ամյա շախմատիստը:
Խաղալիս զոհաբերություններ անելը Դանիելի ոճն է: Նրա խոսքով` այդպես դիրքային փոփոխություններ է կատարում, նախապատրաստվում է գրոհի` հակառակորդին շախ ու մատ անելու համար: Պատանի շախմատիստը շատ ծանր չի տանում պարտությունները:
«Պարտությունները բավականին հեշտ եմ տանում: Չեմ ծանրացնում ամեն ինչ, որովհետև պետք է հոգեպես ուժեղ լինել: Ընդհանրապես, շախմատիստները բնավորությամբ զուսպ են և դա շատ բանի մասին է ասում»:
Դանիելի ֆավորիտ շախմատիստը Տիգրան Պետրոսյանն է: Ասում է` սիրում է, որովհետև հայ է և աշխարհի չեմպիոն է դարձել:
«Տիգրան Պետրոսյանի խաղաոճն ինձ դուր է գալիս: Նա շատ հետաքրքիր է խաղում, սովորելու շատ բան ունեմ իրենից»:
Շախմատից բացի Դանիելը հետաքրքրված է ազատ ոճի պարերով: Ասում է իրեն չի խանգարում և´ ակտիվ լինելը, և´ խաղատախտակի առջև երկար նստելն ու մտածելը: Հիմա Դանիելը սովորում է, փորձում է շախմատում ավելի հմտանալ: Խոստանում է` իր անվան կողքին տարիներ անց կավելանա գրոսմայստերի կոչումը: