Երևանի շախմատի ֆեդերացիան lichess.org հարթակում
Հետևելով ժամանակի թելադրանքին՝ Երևանի շախմատի ֆեդերացիան համացանցային կյանքից ևս անմասն չմնաց։ 2020 թվականի մարտի 14-ից lichess շախմատային հարթակում սկսվեց մրցաշարերի շարք, որը կրում էր «Կարանտին» անունը։ ԵՇՖ-ն իր մեծ ընտանիքով սկսեց մասնակցել այս մրցաշարերին։ Հետագայում մրցաշարի անունը փոխվեց Բունդեսլիգա` ի պատիվ մրցաշարի կազմակերպիչի՝ Jens Hirneise -ի, ով շախմատային «ընտանիքում» ավելի հայտնի է որպես FM jeffforever :
Որոշում կայացվեց մասնակցել ավելի պրոֆեսիոնալ թիմով, որտեղ իրավունք ունեցան թիմին օգնել նաև մեր ընկերները այլ երկրներից։ Առաջ խաղում էինք միայն հայերով։
Մրցաշարի հիմնական հատվածն ընկավ 2021 թվականի վրա՝ յուրաքանչյուր շաբաթ Yerevan Chess Federation & Friends թիմով մասնակցում էինք Բունդեսլիգային։ Այն իր մեջ ներառում է 18 լիգա՝ ենթախմբերով, յուրաքանչյուր խաղային օր մասնակցում է մոտ 500 թիմ՝ 5000 խաղացողներով։ Լավագույն թիմերը ժամանակի ընթացքում բարձրանում են և հասնում բարձրագույն լիգա։
Անցյալ տարի մեր թիմը 37 անգամ հայտնվել է բարձրագույն լիգայում և մեկ անգամ մեզ հաջողվել է դառնալ Բունդեսլիգայի հաղթող։ 500 թիմերից եզրափակիչ հասել են 91-ը։
Մեր թիմը այս մրցաշրջանում մտավ լավագույն տասնյակ և մեծ ջանքերի շնորհիվ ճանաչվեցինք 9-րդը։
Մրցաշարը թիմային է, սակայն ընդհանուր արդյունքը ձևավորվում է անհատների ցույց տված խաղերից և մենք շնորհակալ ենք յուրաքանչյուր մասնակցից՝ ով թեկուզ 1 միավորով օգնել է թիմին։ Սակայն չենք կարող չնշել թիմի մշտական և անդավաճան երկու մասնակցի անունները, ովքեր 925 հազար մասնակցի մեջ (ունիկալ 90․000 մասնակից) գրավեցին համապատասխանաբար 22-րդ և 109-րդ տեղերը։ Խոսքը՝ Ֆիդե-ի վարպետ Սիմոն Մկրտչյանի և ազգային վարպետ՝ Արտակ Մանուկյանի մասին է։ Առանց նրանց ամենօրյա հիշեցումների և մշտական մասնակցությունների թիմը չէր հասնի նման հաջողության։
Նշենք, որ բարձրագույն լիգայի 18-րդ հորիզոնականը ևս հայկական է՝ Մոնթե թիմով:
Ցանկանում ենք, որ 2022 թվականին ավելի շոշափելի հաղթանակների հասնենք նաև այս մրցասպարեզում, համախմբվենք, ունենանք շատ առաջադիմող աշակերտներ, ովքեր արժանվույնս կհամալրեն թիմի կազմը, նաև մեր ընկերների աշխարհագրությունը ավելի կլայնացնենք, քանի որ այս պահին թիմի հիմնական կորիզը կազմում են հայերը։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ