«Շախմատային անցուդարձ» թեմայի շրջանակում զրուցել ենք շախմատիստ Լիլիթ Սարգսյանի հետ։ Նա 14 տարեկան է և շախմատով զբաղվում է 7 տարեկանից։ 1-ին կարգի շախմատիստ է։
Լիլիթին շախմատը դուր եկավ ամենասկզբից. երբ սկսեց սովորել, արեց առաջին քայլերն ու հասկացավ, թե ինչ տակտիկա պետք է կիրառել։ Շախմատում, ինչպես կյանքում, Լիլիթը ձգտում է հասնել առավելագույնին։
«Ես սիրում եմ հարձակողական ոճում խաղալ, բայց ամեն ինչ կախված է դիրքից։ Պետք է նաև լավ պաշտպանվել իմանալ», - ասաց Լիլիթը։
Մարզիչն է սովորեցրել, որ եթե նպատակ ունես, պետք է հասնես դրան, չպետք է ընկճվել ու միշտ պետք է առաջ շարժվել։ Լիլիթը դարձել է Հայաստանի փոխչեմպիոն մինչև 12 տարեկան աղջիկների շարքում, առաջին տեղն է գրավել Անդրանիկ Մարգարյանի անվան հուշամրցաշարում։
«Սիրում եմ սևերով խաղալը։ Չնայած, որ առաջին քայլը քոնը չի լինում, բայց ինձ դուր է գալիս դժվար խաղը», - ասաց նա։
Լիլիթի ֆավորիտ շախմատիստը Մագնուս Կառլսենն է։ Սիրում է նրա խաղալու ոճը. ոչ ստանդարտ է և հիմնականում հարձակողական ոճում է։ Շախմատից բացի Լիլիթը նաև այլ հետաքրքրություններ ունի։
«Այցելում եմ «Թումո» կենտրոն, որտեղ սովորում եմ ծրագրավորում։ Զբաղվում եմ կայքերի ստեղծմամբ ու մշակմամբ», - ընդգծեց Լիլիթը։
Հիմա Լիլիթի նպատակն է Հայաստանի չեմպիոն դառնալը։ Նա շախմատով զբաղվում է ամեն օր՝ 3-ից 4 ժամ։ Ասում է՝ միայն քրտնաջան աշխատանքով կարելի է հասնել նպատակներիդ։