«Շախմատային անցուդարձ» թեմայի շրջանակում զրուցել ենք 18-ամյա Սևակ Մանուկյանի հետ։ Նա շախմատով զբաղվում է 6 տարեկանից։ 1-ին կարգի շախմատիստ է։ Միջազգային վարկանիշը 1454 է։
Սկիզբը շախմատի տանն էր։ Առաջին օրը Սևակի առջև բարդ խնդիր էր դրված՝ մատ նավակով։ Իհարկե, Սևակն այդ ժամանակ շախմատ խաղալ չգիտեր և նրա մոտ չստացվեց, սակայն այդ օրը նա որոշեց, որ պետք է շախմատ խաղա։
«Ինձ դուր եկավ շախմատը։ Եղել են դեպքեր, որ նույնիսկ ցանկացել են ինձ հեռացնել, սակայն ես չեմ ուզել։ Շախմատային մտածելակերպը, հաշվարկները բավականին գրավիչ են։ Ես տարված եմ շախմատով», - ասաց Սևակ Մանուկյանը։
Երբ սկսում ես շախմատ խաղալ, մտածել ինչպես շախմատիստը, ապա կյանքում էլ քայլեր անելիս հաշվարկում ես։ Այդպես վարվում է նաև Սևակը։
«Տրամաբանությունը զարգացնում է շախմատը։ Ես այդ տրամաբանությունն էլ օգտագործում եմ իմ անձնական որոշումներում», - ընդգծեց Սևակը։
Սևակը հարձակողական ոճի շախմատիստ է իրեն համարում։ Ասում է՝ ամենալավ պաշտպանությունը հարձակումն է։
«Միշտ փորձում եմ հարձակվել, եթե հնարավոր է։ Սակայն, եթե տեսնում եմ, որ վտանգ կա, անցնում եմ պաշտպանության», - ասաց շախմատիստը։
Սևակը շուտով կմեկնի ծառայության։ Հիմա երկընտրանքի առջև է՝ շարունակե՞լ շախմատը ծառայությունից հետո, թե ոչ։ Սևակ Մանուկյանը նշում է՝ կյանքում կարևորագույն որոշումները պետք է կայացնել երկար մտածելուց ու ճիշտ հաշվարկներ կատարելուց հետո։ Վստահ է, որ շախմատիստ դառնալու ճանապարհին ամենակարևոր գործիքը կամքի ուժն է։