«Պետք է գրոսմայստեր դառնամ ու հայրենիքիս դրոշը միշտ բարձր պահեմ». Արտուշ Ավագյան


«Շախմատային անցուդարձ» թեմայի շրջանակում զրուցել ենք 1-ին կարգ ունեցող շախմատիստ Արտուշ Ավագյանի հետ։ Նրա միջազգային վարկանիշը 1532 է։

Արտուշ Ավագյանը շախմատ սկսեց խաղալ քրոջ շնորհիվ։ Միասին լուծում էին դպրոցում հանձնարարված շախմատի խնդիրները։ Հետո սկսեցին միասին շախմատ խաղալ։

«Արդեն, երբ ես սկսեցի դպրոցում շախմատ անցնել, հասկացա, որ ինձ իսկապես դուր է գալիս այդ խաղը։ Մորս համոզեցի, որ ինձ շախմատի տանի և ավելի խորացված ուսումնասիրեմ այդ խաղը», - ասաց Արտուշ Ավագյանը։

Ինտելեկտուալ խաղի շարունակությունը մրցաշարարերն էին։ Սկզբից՝ 4-րդ կարգ, հետո՝ 3-րդ, 2-րդ և 1-ին։ Արտուշ Ավագյանն ընդգծում է, թե շախմատում հատկապես ինչն է հավանում։

«Շատ հետաքրքիր խաղ է։ Նախ սկսում ես ավելի լավ մտածել, հիշողությունդ ես ուժեղացնում։ Հոգեբանական տեսանկյունից դառնում ես ավելի զուսպ, հանգիստ։ Շախմատով կարող ես նաև իմանալ, թե խաղընկերդ ինչպիսին է», - ընդգծեց Արտուշը։

Մրցաշարերին հատուկ է պատրաստվում, բայց նաև խաղալիս փորձում է ստանդարտներից դուրս գալ։ Ասում է՝ պետք է այնպիսի խաղ ցույց տալ, այնպիսի քայլեր անել, որ մրցակցիդ անակնկալի բերես։

«Կրկնում եմ սկզբնախաղերը, բայց դրանց վրա չեմ հիմնվում։ Ես իմ ուղեղով փորձում խաղալ, ինքս եմ ուզում ստեղծագործել, այլ ոչ թե անգիր արած քայլեր անեմ», - ասաց շախմատիստը։

Լավ շախմատիստ դառնալու ճանապարհին Արտուշ Ավագյանին միշտ ոգևորել են ընտանիքի անդամները, ընկերները և նույնիսկ նրանք, ովքեր շախմատ չեն խաղում։ Արտուշ Ավագյանը որոշել է դառնալ գրոսմայստեր և Հայաստանի դրոշը միշտ բարձր պահել։