«Շախմատային անցուդարձ» թեմայի շրջանակում զրուցել ենք 6-ամյա Նարեկ Վարդանյանի հետ: Փոքրիկ շախմատիստը պատմել է, թե ինչպես սկսեց շախմատ խաղալ, ինչը հավանեց այդ խաղում և ինչ կապ ունի ֆուտբոլը շախմատի հետ: Նարեկ Վարդանյանն առայժմ 4-րդ կարգ ունի:
Շախմատի հանդեպ եղբոր սերը փոխանցվեց նաև Նարեկին: Առաջին քայլերն արեց 3 տարեկանում:
«Ես սկսեցի լուծել շախմատային խնդիրներ և դրանք ինձ շատ դուր եկան: Ես շատ եմ սիրում շախմատ խաղալ», - ասաց Նարեկը:
6-ամյա Նարեկը մեր հարցերին պատասխանելուց առաջ երկար է մտածում: Փորձում է ընտրել ճիշտ բառեր, որպեսզի խոսքը գեղեցիկ կառուցի: Ասում է` ինչպես հիմա, այնպես էլ շախմատում նույն տրամաբանությամբ է շարժվում:
«Ես գիտեմ, որ շախմատ խաղալիս պետք է ամեն քայլ մտածված անել: Ես էլ երկար եմ մտածում, որպեսզի հանկարծ սխալ քայլ չանեմ», - պատմեց նա:
Շախմատում Նարեկի ամենասիրած պահը մրցակցին մատ հայտարարելն է: Նա խաղից հաճույք ստանում է, բայց գլխավոր նպատակը հակառակորդին հաղթելն է:
«Սովորում եմ, թե ինչպես կարող եմ արագ քայլերով մատ հայտարարել մրցակցիս: Ես սիրում եմ սևերով խաղալ, որովհետև միշտ սևերով հաղթում եմ», - պատմեց Նարեկը:
Նարեկ Վարդանյանի ընտանիքում շախմատ խաղում են գրեթե բոլորը. ինքը, եղբայրը, քույրը, հայրը, պապը և տատը: Շախմատասեր ընտանիքում Նարեկին միշտ քաջալերում եմ: Փոքրիկ շախմատիստի մեծ երազանքը գրոսմայստեր դառնալն է: Վերջում Նարեկը հայտնում է, որ ֆուտբոլ էլ է խաղում և ապագայում ցանկանում է դառնալ շախմատիստ, ով նաև լավ գոլեր է խփում: