«Դինամո» մարզական-հասարակական կազմակերպությունում անցկացվեց արագ շախմատի ոստիկանության առաջնությունը


«Դինամո» մարզական-հասարակական կազմակերպությունում անցկացվեց արագ շախմատի ոստիկանության առաջնությունը, որը կայացավ ՀՀ ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի և Երևանի շախմատի ֆեդերացիայի համատեղ ջանքերով: Առաջնությանը մասնակցում էին ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների և Արցախի ոստիկանության հավաքական 16 թիմերը։

Թիմային պայքարում հաղթող է ճանաչվել ոստիկանության կրթահամալիրի հավաքական թիմը, երկրորդ և երրորդ տեղերն զբաղեցրել են համապատասխանաբար ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության և շտաբի հավաքական թիմերը։

Անհատական պայքարում լավագույնը ճանաչվել է ոստիկանության կրթահամալիրի ծառայող Արթուր Սարգսյանը, 2-րդ տեղում Արմենակ Գևորգյանն էր՝ Երևան քաղաքի վարչությունից։ Երրորդ մրցանակային տեղն զբաղեցրել է Գագիկ Մարգարյանը, որը Շիրակի մարզային ոստիկանության ծառայող է։

Առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվել են դիպլոմներով, մեդալներով, հուշանվերներով ու դրամական պարգևներով։ Մրցանակները հանձնել են Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը, ֆեդերացիայի նախագահության անդամ Արտակ Մանուկյանն ու ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ Արմեն Մկրտչյանը։