«Շախմատը մարզում է ուղեղը». Ալեքսանդր Հակոբյան


«Շախմատային անցուդարձ» թեմայի շրջանակում զրուցել ենք Ալեքսանդր Հակոբյանի հետ։ Նա շախմատում առաջին քայլերն է անում։ Ալեքսանդրը 7 տարեկան է և արդեն 4-րդ կարգ ունի։ Ապագա շախմատիստը պատմել է, թե ինչու է սիրում այս խաղն ու ամեն օր շախմատ խաղում։

«Ես սկսեցի սկզբից վատ խաղալ». սա Ալեքսանդրի պատասխանն է, երբ նրան հարցնում ես, թե ինչպես սկսեց շախմատ խաղալ։ Փոքրիկը քիչ է խոսում, միայն շախմատ է շատ խաղում։

«Սկզբից դժվար էր ամեն ինչ, բայց փոքր քայլերով առաջ եմ գնում։ Շախմատը դարձել է իմ առօրյայի մի մասնիկը», - ասաց Ալեքսանդրը։

Ալեքսանդրին շախմատի տարավ նրա մայրիկը։ Նկատել է, որ որդու հետաքրքրությունը մեծ է խաղի նկատմամբ։

«Շախմատն ինձ դուր է գալիս, որովհետև ուղեղը զարգացնում է։ Ես ուզում եմ զարգացած տղա դառնալ», - կարճ ու հստակ պատասխանում է 7-ամյա Ալեքսանդր Հակոբյանը։

Նրա ամենասիրելի շախմատիստը Մագնուս Կառլսենն է։ Առայժմ միայն այդ շախմատիստի մասին է լսել, բայց վստահ է, որ ապագայում կլրացնի շախմատային գիտելիքները։

«Գիտեմ, որ Կառլսենը լավ շախմատիստ է։ Ես էլ եմ ցանկանում նրա պես լավ շախմատիստ դառնալ», - ասաց նա։

Թեև 7 տարեկան է, բայց Ալեքսանդրն արդեն ունի մեծ նպատակներ։ Ասում է, որ երբ մեծանա, պետք է դառնա ուժեղ շախմատիստ՝ գրոսմայստեր։ Աշխարհի չեմպիոնի տիտղոսի նվաճման մասին էլ խոսելիս աչքերը փայլփլում են։