«Ես շախմատիստ եմ, որը նաև պետք է փաստաբան դառնա». Լիանա Հակոբյան


«Շախմատային անցուդարձ» թեմայի շրջանակում զրուցել ենք 11-ամյա Լիանա Հակոբյանի հետ։ Նա 2-րդ կարգ ունի և 7 տարեկանից խաղում է շախմատ։

Մի օր Լիանան ու հայրը որոշեցին շախմատ խաղալ։ Այն սովորական խաղ չէր, քանի որ Լիանան պետք է սովորեր, թե ինչպես են խաղում շախմատ։

«Ինձ շախմատում դուր եկավ քայլերը։ Ես սկսեցի սովորել ու հասկացա, որ այն իսկապես հետաքրքիր խաղ է», - ասաց Լիանա Հակոբյանը։

11-ամյա շախմատիստը հիմա ուսումնասիրում է հայտնի շախմատիստների պարտիաները։ Ուշադրությամբ հետևում է, թե ինչպես են տարբեր իրավիճակներում ելքեր գտել ու հասել հաղթանակի։

«Շախմատն իրականում կարևոր խաղ է։ Այն զարգացնում է ուղեղդ, սկսում ես այլ կերպ մտածել՝ ավելի մտածված ես անում ամեն ինչ, իրերին այլ տեսանկյունից ես նայում։ Կարճ ասած՝ շախմատային մտածելակերպը մարդուն դարձնում է ավելի ուժեղ», - ասաց փոքրիկ շախմատիստը։

Լիանա Հակոբյանը սկզբնախաղերին մեծ ուշադրություն է դարձնում։ Ասում է՝ դրանից է կախված, թե հետագայում ինչպես կդասավորվի խաղդ։

«Իրականում շախմատը միայն սկզբնախաղով չի սկսվում ու ավարտվում։ Այնտեղ կա միջնախաղ ու վերջնախաղ։ Դրանք բոլորն էլ չափազանց կարևոր են, որովհետև կարող ես մեկ սխալ քայլ անել և խաղում կորցնել հավասարակշռությունդ», - ընդգծեց նա։

Շախմատային կարիերան կարևոր է Լիանա Հակոբյանի համար։ Ընդգծում է՝ շատ մեծ ցանկություն ունի դառնալ աշխարհի չեմպիոն։ Շախմատից բացի, Լիանա Հակոբյանը մեկ այլ նպատակ էլ ունի. ուզում է նաև փաստաբան դառնալ։