Տիգրան Պետրոսյանի անվան Երևանի շախմատի տանը տեղի ունեցավ ԶԼՄ-ների միջև 7-րդ շախմատի մրցաշարը։ Գլխավոր մրցավարն էր միջազգային կարգի մրցավար Նունե Վարդանյանը։ Մրցաշարին մասնակցեց 14 լրագրող տարբեր լրատվական միջոցներից։
1-3-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները ստացան գավաթներ, պատվոգրեր և դրամական մրցանակներ։ 4-րդ անվանակագրով մասնակիցները նույնպես մրցանակներ ստացան. 4-րդ տեղ զբաղեցրած ԶԼՄ ներկայացուցիչը, ամենագեղեցիկ հաղթանակի համար և ամենատարեց մասնակիցը։
Մրցաշարում հաղթող է ճանաչվել «Գոլոս Արմենիի» թերթի թղթակից Վադիմ Մկրտչյանը։ Նա հաղթող է ճանաչվել նաև 2021, 2018, 2017, 2016 և 2015 թվականների մրցաշարերում։ Հաղթող մասնակցի հետ շախմատային մեկ պարտիա խաղաց Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը։
2-րդ տեղը զբաղեցրել է «Հանրային հեռուստաընկերության» լրագրող Նորայր Շողիկյանը։ 3-րդ պատվավոր հորիզոնականում էր «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթի գլխավոր խմբագիր Արարատ Պետրոսյանը։
Մրցաշարն անցկացվեց մեկ օրվա ընթացքում։ Բաղկացած էր 7 մրցափուլից և անցավ արագ շախմատային մրցակարգով։ Յուրաքանչյուր խաղի համար մասնակիցներին տրված էր 10 րոպե և 5 վայրկյան լրացուցիչ ամեն մի քայլի համար։
Մրցաշարի մրցանակաբաշխությանը ներկա էին և մրցանակներ հանձնեցին Արցախի առաջին միջազգային գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը, ֆեդերացիայի փոխնախագահ Նորայր Քալանթարյանը, Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։
Շախմատի առաջնությունը տեղի ունեցավ Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ, Երևանի շախմատի ֆեդերացիայի և Sil Maaza ընկերության աջակցությամբ։ Մրցաշարի կազմակերպիչն էր Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան։