«Պարտություններից հետո գալիս են հաղթանակները». Նարեկ Հովհաննիսյան


«Շախմատային անցուդարձ» թեմայի շրջանակում զրուցել ենք 12-ամյա Նարեկ Հովհաննիսյանի հետ։ Նա ունի 1-ին կարգ և 5 տարեկանից շախմատ է խաղում։

Տրամաբանություն և հաշվարկներ. այս երկուսի շնորհիվ Նարեկ Հովհաննիսյանը սիրեց շախմատն ու որոշեց, որ պետք է շախմատիստ դառնա։

«Շախմատում յուրաքանչյուր քայլ տրամաբանության և հաշվարկների կարիք ունի։ Հենց դա է ինձ գրավում այս խաղում։ Ես կարող եմ ժամերով նստել և մտածել, հաշվարկել, թե ինչպես պետք է խաղամ», - ասաց Նարեկ Հովհաննիսյանը։

Նարեկն ընդգծում է՝ շախմատ խաղալով ավելի հանգիստ է դարձել։ Կյանքում, ինչպես խաղում, գործում է շախմատային տրամաբանությամբ։

«Ամեն քայլ անելիս մտածում եմ։ Ես կարծում եմ, որ մենք բոլորս պետք է կյանքում ինչ-որ բան անելիս մտածենք, հետո անենք», - ասաց նա։

Նարեկն օրական 7-8 ժամ շախմատ է խաղում։ Սկզբից դպորցի դասերն է անում, հետո միանգամից անցնում է շախմատային պարապմունքներին։

«Իմ ընկերներն էլ են շատ հետաքրքրվում շախմատով։ Տեսնում են, թե ինչպես եմ խաղում և նրանց էլ է դուր գալիս այդ խաղը», - պատմեց Նարեկը։

Նարեկ Հովհաննիսյանը ցանկանում է հասնել բարձր կոչումների՝ դառնալով միջազգային կարգի գրոսմայստեր։ Ստրատեգիական շախմատի սիրահարն ընդգծում է՝ պարտություններն իրեն օգնում է, որպեսզի երկրորդ անգամ նույն սխալը չկրկնի և հաղթանակները գերակշռող լինեն։