«Շախմատային անցուդարձ» թեմայի շրջանակում զրուցել ենք 5-ամյա Ինեսա Կարապետյանի հետ։ Նա շախմատի մարզադպրոց է ընդունվել անցած տարի և պատրաստ է պատմել իր մեկ տարվա փորձառության մասին։
«Ես տեսա, թե ինչպես են շախմատ խաղում, հետաքրքրեցին խաղաքարերը», - շախմատի մասին առաջին տպավորությամբ կիսվում է Ինեսա Կարապետյանը։ Ազատ ժամանակը անցկացնում է շախմատի խաղատախտակի առջև։
«Ինձ դուր է գալիս այս խաղը։ Տիկնիկներիս հետ էլ եմ խաղում, բայց շախմատն ավելի շատ է գրավում», - պատմում է աղջիկը։
Խաղալիքնե՞ր, թե՞ խաղաքարեր. փոքրիկ Ինեսան ընտրում է երկուսն էլ։ Ասում է՝ շախմատն էլ իր համար հետաքրքիր զբաղմունք է։
«Հատկապես ինձ դուր է գալիս, երբ խաղում եմ և հաղթում», - ժպիտով ասում է նա։
Փոքրիկ աղջնակի շախմատային պատմությունը դեռ նոր է սկսվում։ Առջևում դեռ շախմատային մի քանի դասեր ունի, որոնք հետո պետք է կիրառի մրցաշարերում։ Ինեսան խոստանում է լավ շախմատիստ դառնալ։