Երևանում տեղի ունեցավ Ավան վարչական շրջանի 171-րդ հիմնական դպրոցի անվանակոչության արարողությունը։ Այն այժմ կրում է շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն, միջազգային գրոսմայստեր, Հայաստանի շախմատի եռակի չեմպիոն Կարեն Ասրյանի անունը։
Դպրոցը Կարեն Ասրյանի անունով անվանակոչելու գաղափարը իրականություն դարձավ շախմատի Երևանի ֆեդերացիայի ջանքերով։ Միջոցառմանը ներկա էին Կարեն Ասրյանի հայրը, մայրը և եղբայրը։
Դպրոցի անվանակոչման արարողությունը սկսվեց ցուցավահանակների բացումով։ Միջոցառմանն իր օրհնանքի խոսքով հանդես եկավ Ավանի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ և քահանա Հարություն Տեր-Ավագյանը: Ելույթներով հանդես եկան Ավան վարչական շրջանի ղեկավարը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։ Միջոցառմանը մասնակցում էին շախմատի Երևանի ֆեդերացիայի փոխնախագահ Նորայր Քալանթարյանը, նախագահության անդամ Արտակ Մանուկյանը։
Ներկաները կարևորեցին Կարեն Ասրյանի ներդրումը Հայաստանի շախմատի զարգացման գործում և հույս հայտնեցին, որ եկող սերունդները կհետևեն նրա օրինակին։
Ի հիշատակ Կարեն Ասրյանի՝ դպրոցի բակում տեղի ունեցավ անվանական ծառատունկ։