Yerevan Open-ի 1-ին մրցափուլը. ովքե՞ր մեկնարկեցին հաղթանակով և պարտությամբ





Երևանում մեկնարկել է շախմատի Երևան Օփեն միջազգային մրցաշարը: Հայաստանն այս ստուգատեսն ընդունում է արդեն 4-րդ անգամ: Նախորդ տարվա համեմատ այս տարի մասնակիցների աշխարհագրությունն ավելի լայն է: 15 երկրի 292 մասնակից, որից 55-ը միջազգային կոչում ունեցող՝ ներառյալ 22 գրոսմայստեր, կպայքարի ընդհանուր 14 մլն դրամ մրցանակային ֆոնդի համար: 1-20 տեղերը զբաղեցրած շախմատիստները կստանան դրամական պարգևներ: Ա խմբի հաղթողը կստանա 2.600.000 դրամ: Մրցանակներ են սահմանված նաև կանանց 1-ին և 2-րդ տեղը գրաված մասնակիցներ համար, 50-ից բարձր տարիքի շախմատիստների շրջանակում լավագույն արդյունքը գրանցած մասնակիցը ևս կստանա մրցանակ: Մրցանակի կարժանանա նաև Բ խմբում մինչև 10 տարեկանների շրջանում հաղթող մասնակիցը։ Մրցաշարի բացման արարողության ժամանակ ելույթի խոսքով հանդես եկան և մասնակիցների առողջ ու ազնիվ մրցակցային պայքար մաղթեցին շախմատի Երևանի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ու Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Մխիթար Հայրապետյանը համոզմունք հայտնեց, որ ժողովուրդների միջև հանդուրժողականության միջավայր ստեղծելու համար շախմատի ճիշտ ընկալումը կարող է կարևորագույն խթան հանդիսանալ: Ըստ նրա՝ սա է պատճառը, որ Երևանի փողոցներում կտեսնենք մարդկանց, ովքեր սիրում և պաշտում են այս խաղը, և ահա, թե ինչու, որոշվեց այն դասավանդել մեր դպրոցներում: Ողջունելով մեր երկիր ժամանած շախմատիստներին՝ նշեց, որ նրանք ժամանել են աշխարհի շախմատային երկրներից մեկը, մասնավորապես՝ օրեցօր ավելի ու ավելի շախմատային դարձող մայրաքաղաք Երևան:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը փաստեց, որ այսպիսի միջազգային մրցումները երիտասարդ հայ շախմատիստների համար շատ մեծ փորձ են կուտակում:

Հայաստանից Երևանի բաց առաջնությանը մասնակցում են շախմատի լեգենդ Ռաֆայել Վահանյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Տիգրան Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը, Մամիկոն Ղարիբյանը, Հովիկ Հայրապետյանն ու այլոք:

Երկրորդ տարին անընդմեջ մրցաշարին մասնակցող Մամիկոն Ղարիբյանը մեկնարկեց հաղթանակով: Նախորդ տարի Ղարիբյանը 22-րդ տեղը գրավեց, իսկ այս անգամ սպասելիքներն ավելի մեծ են:

Մրցաշարի առաջին համար Սամվել Տեր-Սահակյանը մեկնարկեց սենսացիոն պարտությամբ: Հաղթանակով մեկնարկեցին Ռաֆայել Վահանյանը, մրցաշարի երկրորդ համար ֆրանսիական շախմատի ուժեղագույն շախմատիստներից Մաքսիմ Լագարդը, Սերգեյ Լոբանովը, Վիտալի Սիվուկը



Yerevan Open A - 1st round

Yerevan Open B - 1st round