Ֆրանսիացի հայտնի գրոսմայստեր Մաքսիմ Լագարդի հոդվածը՝ Հայաստանի և «Երևան Օփեն» մրցաշարի մասին

Չափերով փոքր, բայց շախմատային մեծ երկիր Հայաստանը


Հոկտեմբերին որոշեցի ռիսկի դիմել և մի փոքր փոխել սովորություններս՝ Հայաստանում խաղալու համար։ Ես տեսա, որ այնտեղ երկու մեծ մրցաշար է կազմակերպվում՝ լավ մրցանակներով։ Առաջինը՝ Ծաղկաձորում «ChessMood Open»-ը, իսկ երկրորդը՝ «Yerevan Open»-ը: Ուստի ես առաջարկեցի ընկերոջս՝ գրոսմայստեր Քրիստոֆ Սոչակկին, գնանք այնտեղ՝ և՛ նոր երկիր բացահայտելու, և՛ փորձելու վերադառնալ լավ մրցանակներով:

Իսկապես, որպես պրոֆեսիոնալ խաղացող՝ մրցաշարից առաջ պետք է դիտարկել մի քանի փոփոխականներ՝ մրցանակային ֆոնդը, առաջարկվող պայմանները և խաղացողների համաշխարհային վարկանիշը: Այս երեք պայմաններն էլ հավաքված էին, թեև գիտեի, որ հայ խաղացողները որոշակիորեն թերագնահատված են։ Սույն հոդվածում․․․կփորձեմ հնարավորինս օբյեկտիվ լինել, չնայած այն հանգամանքին, որ շախմատային առումով այս մրշարարերին մասնակցությունը իմ վատագույն շրջաններից մեկն էր (-50 միավոր և 0 մրցանակ):

Առաջին մրցաշարի պարագայում, ցավոք, նույն օրը շատ վաղ առավոտյան ժամանեցի և դժվարությամբ վերականգնվեցի հոգնածությունից։ Պետք է խոստովանեմ, որ աստիճանաբար «ծերանում եմ»::

Մենք ուշ հասանք օդանավակայան, որտեղ մեզ էր սպասում մեքենան: Օդակայանից դեպի հյուրանոց ճանապարհը տևեց մեկ ժամ: Ընդհանրապես, կազմակերպիչները իսկապես ամեն ինչ արեցին, որ մենք լավ զգանք, և ամեն ինչ լավ ընթանա։ Մարիոթ հյուրանոցում, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի քաղաք, շատ գեղեցիկ էր խաղասրահը։ Բացի այդ, կազմակերպվել էր այցելություններ, որոնք միշտ գնահատելի են՝ թարմանալու և տեղանքը բացահայտելու համար:

Մրցաշարը, ցավոք, շատ վատ անցավ ինձ համար։ Ես առաջին խաղափուլում ոչ-ոքի խաղացի 2200 վարկանիշ ունեցողի դեմ, հետո պարտվեցի մյուս 2200-ին՝ ցայտնոտային վրիպումից հետո: Մրցաշարի մնացած հատվածը միայն խորացրեց վարկանիշային միավորներիս կորուստը։ Հայ երիտասարդները թերագնահատված են 200-ից 300 միավորով, և պետք է օլիմպիական մարզավիճակ ունենալ, որպեսզի կարողանաս պահպանել մրցաշարի երկարությունը և մոտիվացիան: Այս «դժոխային» պարույրից դուրս գալը շատ դժվար է, մանավանդ, որ ՖԻԴԵ-ի նոր կանոնով 0,3-ով հաղթելու մոտիվացիա գտնելը հեշտ գործ չէ։

Այնուամենայնիվ, մթնոլորտը շատ լավն էր, հայերը շատ ընկերասեր և հյուրընկալ են: Մենք զգում ենք, որ նրանք ցանկանում են հնարավորինս զարգացնել շախմատը։ Անցած երեկո ես նույնիսկ հրավիրվեցի տիպիկ հայկական ընթրիքի՝ շրջապատված բազմաթիվ խաղացողներով, որտեղ ներկա էր նաև մրցաշարի համակազմակերպիչ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը:

Մեկ օր անց Երևանում տեղի ունեցավ մյուս մրցաշարը՝ մթնոլորտի որոշակի փոփոխությամբ։ Իսկապես, մայրաքաղաք Երևանում ավելի շատ բան կա տեսնելու, այցելելու, ուտելու համար... Նոր արտասահմանցի խաղացողներ էլ կային, հատկապես ռուս և իրանցի, բայց առաջին մրցաշարի հայ լավագույն խաղացողները ներկա չէին, քանի որ դրսում թիմային մրցումներ են անցկացրել:

Օբյեկտիվորեն այս երկրորդ մրցաշարի պայմանները գերազանցում էին առաջինին պրոֆեսիոնալ խաղացողի համար (ինչը չի իջեցնում առաջին մրցաշարի որակը, որն արդեն լավն էր): Հյուրանոցը շատ լավն էր, սնունդը նույնպես, և ամենից առաջ կար մեկնարկային վճար (սա միանգամայն նկատելի է պրոֆեսիոնալ խաղացողի համար, քանի որ այն թույլ է տալիս լքել երկիրը՝ չկորցնելով չափազանց շատ գումար ինքնաթիռի տոմսի պատճառով, հատկապես երբ մի բան այն չէ լինում ...): Խաղասրահը մեծ էր, բայց ոչ աղմկոտ։ Միակ խնդիրը ճանապարհային երթևեկությունն է, խաղասրահի հեռավորությունը, բայց այն ակնհայտորեն կազմակերպիչների մեղքը չէր։

Ինձ շատ դուր եկավ նաև այն, որ նրանք կազմակերպեցին կայծակնային մրցաշար՝ լավ մրցանակային ֆոնդով, թեև կրկին ինձ հաջողվեց ոչինչ չշահել:

Բացման արարողությանը ներկա էր երկրի կրթության նախարարը, ինչպես նաև բազմաթիվ այլ պաշտոնյաներ: Այս մակարդակով մասնակցությունը ցույց է տալիս, որ նրանց համար նման միջոցառումը կարևոր է:

Մի փոքր ավելի էի հանգստացել, բայց, ցավոք, մրցաշարն ինձ համար դեռ ծանր էր։ Թեև նախկին մրցաշարից ավելի լավ մակարդակ էի գտել, թեկուզ իմ սովորական մակարդակից հեռու, սակայն չստացվեց: Որոշ խաղերում բախտս բերում էր, բայց ամենից առաջ մի տեսակ «burnout» ունեի, որը պարզապես խանգարեց ինձ ճշգրիտ հաշվարկներ անել՝ ստիպելով սխալ որոշումներ կայացնել: Երբ այն չի ուզում աշխատել, չի աշխատում:

Ընդհանուր առմամբ, իմ կարծիքով, հայ երիտասարդ շախմատիստներն այժմ ավելի վտանգավոր են, քան հնդիկները: Իրո՛ք, տեղի խաղացողներն ինձ բացատրեցին, որ իրականում Հայաստանից դուրս խաղալու համար հնարավորությունները քիչ են։ Հետևաբար, նրանք շատ են խաղում միմյանց միջև և կատարելագործվել են՝ առանց «աշխարհի իմացության»: Հետևաբար, նրանց վարկանիշը չի ճշգրտվում այլ ազգերի համեմատ, ինչը բացատրում է, թե ինչու են նրանք հեշտությամբ թերագնահատվում 200 միավորով:

Չնայած իմ խաղամակարդակից մեծ հիասթափությանը, ես կարողացա տեսնել մի նոր մշակույթ, որը չգիտեի, և նաև բավականաչափ չխոսեցինք Ադրբեջանի հետ ներկայիս պատերազմի մասին: Կարծում եմ (հուսով եմ), որ այս մրցաշարերն ինձ նույնպես դաս են տվել: Ես պետք է աշխատեմ ավելի ցածր վարկանիշ ունեցող խաղացողների հետ խաղալու մոտիվացիայի վրա և հատկապես ավելի լավ կառավարեմ հոգնածությունս: Հաղթանակները հեշտությամբ չեն տրվում։

Բայց լինելով բավականին համառ և անխոհեմ (ոմանք կասեն՝ հիմա՞ր), և գնահատելով ընդունելությունն ու պայմանները, հուսով եմ, որ հաջորդ տարի հնարավորություն կունենամ վերադառնալ՝ վրեժ լուծելու և ապացուցելու, որ ավելի լավն եմ, քան այս տարվա իմ արդյունքները:

Չեմ կասկածում, որ հայ ազգը շատ շուտով իրեն ցույց կտա շախմատային ասպարեզում, ինչպես արեց Հնդկաստանը: Նաև հույս ունեմ, որ Ֆրանսիան և ֆրանսիացի կազմակերպիչները կհետևեն այս շախմատային ազգի օրինակին, որպեսզի մի փոքր ավելի զարգացնեն շախմատի որակը իմ երկրում:

Աղբյուր՝ chess.com