Կանոնադրություն

«ԵՐԵՎԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է «ԵՐԵՎԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ

«31» մարտի 2016թ.

ՆԱԽԱԳԱՀ` ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ

«28» հոկտեմբերի 2004թ.


Գրացման թիվ՝ 211.171.02982

Վկայական՝ 03Ա066593

Հարկ վճարողի հաշվառման համար՝ 01551712

19.05.2014թ. գրանցված կանոնադրության թիվ 002-2 փոփոխությունը գրանցված է պետական ռեգիստրի կողմից «12» մայիսի 2016թ.

Պետական ռեգիստրի գործակալության պետ՝ Կ. ԱԴԱՄՅԱՆ

(Նոր խմբագրություն)

2016թ.

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. «Երևանի շախմատի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունը (այսուհետև՝ Կազմակերպություն), ոչ առևտրային կազմակերպություն է, որում իրենց շահերի ընդհանրության հիման վրա օրենքով սահմանված կարգով միավորվել են ֆիզիկական անձինք՝ իրենց ոչ կրոնական հոգևոր և ոչ նյութական այլ պահանջմունքները բավարարելու, իրենց և այլոց իրավունքներն ու շահերը պահպանելու, հասարակության առանձին խմբերին նյութական և ոչ նյութական աջակցություն ապահովելու, հանրօգուտ այլ գործունեություն իրականացնելու նպատակներով:

2. Կազմակերպությունը գործում է ՀՀ օրենսդրության, ՀՀ միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:

3. Կազմակերպության գործունեության սկզբունքներն են օրինականությունը, կամավորությունը, իրավահավասարությունը, ինքնակառավարումը և հրապարակայնությունը:

4. Կազմակերպությունը գործում է ՀՀ ողջ տարածքում և օտարերկրյա պետություններում՝ այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

5. Կազմակերպության լրիվ անվանումն է՝ «Երևանի շախմատի ֆեդերացիա» հասարակական կազմակերպություն:

6. Կազմակերպության գտնվելու վայրն է՝ ՀՀ, ք.Երևան, Սիմոն Վրացյան 80։

2.ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

7. Կազմակերպության գործունեության նպատակներն ու խնդիրներն են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝

1) Ստեղծել տարբեր երկրների իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ մասնագիտական կապերի ընդլայնված ցանց, որոշել և կիրառել համագործակցության նոր ձևեր.

2) Կազմակերպել և անցկացնել փառատոններ, սեմինարներ, մրցաշարեր, հուշամրցաշարեր, ընկերական հանդիպումներ՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ նրա սահմաններից դուրս.

3) Կազմավորել կազմակերպության հավաքականներ և կազմակերպել դրանց նախապատրաստությունները.

4) Մարզիկներին, մարզիչներին, մրցավարներին և կազմակերպիչներին ուղարկել հանրապետական և միջազգային մրցումների, հանրապետությունում և արտասահմանում անցկացվող միջոցառումների.

5) Նպաստել սփյուռքում շախմատի զարգացմանը, սփյուռքի հայկական կազմակերպությունների հետ կազմակերպել համատեղ միջոցառումներ, մարզիկներին, մարզիչներին, մրցավարներին և կազմակերպիչներին ուղարկել սփյուռք՝ մրցումների, դասախոսությունների, հյուրախաղերի և այլ միջոցառումների.

6) Նպաստել կազմակերպության անդամների սոցիալական ապահովվածության հարցերի լուծմանը.

7) Պատրաստել և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հրատարակել մասնագիտական գրականությունկամ այլ նյութեր, ներկայացնել լրատվական և գովազդային նյութեր: Օժանդակել նորմատիվային փաստաթղթերի, գիտական կամ գիտամեթոդական աշխատանքների մշակմանը:

8.Կազմակերպությունն իր կանոնադրական նպատակներն իրականացնելու համար իրավասու է օրենքով սահմանված կարգով՝

1) Կազմակերպել Կազմակերպության գործունեության ոլորտներում կադրերի պատրաստում, նրանց որակավորման բարձրացում և վերապատրաստում.

2) Ծավալել բարեգործական գործունեություն.

3) Կանոնադրական նպատակների իրագործման համար հայթայթել միջոցներ՝ կազմակերպության իրավական վիճակի բարելավման համար:

9. Կազմակերպությունը կարող է իրականացնել սույն կանոնադրությունից բխող և ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ գործունեություն:

3. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼՈՒ ԵՎ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՐԳԸ

10. Օրենքով սահմանված կարգով կազմակերպության անդամ կարող է դառնալ Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև օտարերկրյա ցանկացած քաղաքացի, որը ցանկանում է մասնակցել նրա գործունեությանը և ընդունում է Կազմակերպության կանոնադրությունը:

11. Կազմակերպության անդամ դառնալու ցանկություն ունեցող անձը գրավոր դիմում է Կազմակերպության նախագահությանը (այսուհետև՝ Նախագահություն):

Կազմակերպության անդամության մեջ ընդունելու հարցը լուծում է Նախագահությունը: Մինչև տասնչորս տարեկան անչափահասը Կազմակերպությանը կարող է անդամագրվել իր ցանկությամբ՝ օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա: Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասը, եթե օրենքով սահմանված կարգով լրիվ գործունակ չի ճանաչված, Կազմակերպությանը կարող է անդամագրվել իր դիմումի հիման վրա օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությամբ:

12. Կազմակերպությանն անդամագրված անձն ազատ է դուրս գալու Կազմակերպությունից: Կազմակերպության անդամությունից զրկումը տեղի է ունենում Նախագահության որոշմամբ:

13. Կազմակերպության այն անդամը, որը Նախագահության կողմից սահմանված լինելու դեպքում վեց ամիս անընդմեջ չի վճարում անդամավճար, Նախագահության որոշմամբ զրկվում է անդամությունից: Վերստին նրա անդամագրումը կատարվում է ընդհանուր հիմունքներով:

14. Կազմակերպության անդամների պատշաճ հաշվառում իրականացնելու համար անդամին տրվում է կազմակերպության լրիվ անվանումով անդամատոմս՝ ստորագրված կազմակերպության նախագահի կամ գործադիր տնօրենի կողմից և կնքված կազմակերպության կնիքով, ինչպես նաև կազմակերպությունում ստեղծվում է անդամների քարտադարան, որտեղ նշվում է անդամի անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրային տվյալները, կոնտակտային տվյալները, անդամագրության ամիս, ամսաթիվը և այլ տվյալներ:

4. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

15. Կազմակերպության անդամն իրավունք ունի՝

1) ընտրել և ընտրվել Կազմակերպության բարձրագույն և այլ մարմիններում, ընդ որում, ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմիններում կարող է ընտրվել 18 տարին լրացած անձը.

2) Կազմակերպության աշխատանքները բարելավելու նպատակով նրա ղեկավար մարմիններին ներկայացնել դիմումներ, առաջարկություններ և բողոքներ.

3) սպառիչ տեղեկատվություն ստանալ Կազմակերպության գործունեության մասին.

4) ազատ դուրս գալ Կազմակերպությունից.

5) Կազմակերպությունից ստանալ իրավական օգնություն՝ ուղղված իր օրինական շահերի պաշտպանությանը.

6) մասնակցել Կազմակերպության կողմից կազմակերպված միջոցառումներին.

7) Կազմակերպության ղեկավար մարմինների ոչ կանոնադրական գործունեության դեմ գրավոր բողոքարկել համաժողովին, կամ դատարան՝ օրենքով սահմանված կարգով:

16. Կազմակերպության անդամը պարտավոր է՝

1) հոգ տանել Կազմակերպության հեղինակության մասին.

2) կատարել Կազմակերպության կանոնադրության պահանջները, ղեկավար մարմինների որոշումները.

3 ) մուծել մուտքի վճար և ամսական անդամավճար՝ Նախագահության կողմից սահմանված լինելու դեպքում, որոնց չափն ու վճարման կարգը սահմանում է Նախագահությունը.

4) բարեխղճորեն կատարել իր վրա դրված պարտականությունները:

17. Կազմակերպության կանոնադրությունը խախտող կամ իր պարտականությունները չկատարող անդամի նկատմամբ Կազմակերպության համաճողովի կամ Նախագահության կողմից կարող են կիրառվել կարգապահական տույժի միջոցներ՝ նկատողության, Կազմակերպության անդամությունից զրկում:

5. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

18. Կազմակերպությունը հանդիսանում է իրավաբանական անձ՝ պետական գրանցման պահից:

19. Կազմակերպությունն ունի առանձնացված գույք, ինքնուրույն հաշվեկշիռ, կնիք՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով, դրոշմ, հաշվարկային հաշիվ բանկում՝ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա արժույթով, իր անունից կարող է ձեռք բերել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ և կրել պարտականություններ, որպես հայցվոր և պատասխանող հանդես գալ դատարանում:

20. Կազմակերպությունն ունի խորհրդանիշ, որն իրենից ներկայացնում է նույնակենտրոն մեծ ու փոքր շրջաններ, փոքր շրջանի ստորին կեսում պատկերված է շախմատի դաշտի «սև ու սպիտակ» վանդակներ, իսկ վերին կեսում մուգ շագանակագույն ֆոնի վրա պատկերված է բաց շականակագույն շախմատի քարեր: Մեծ ու փոքր շրջանների միջև ամբողջ տարածքում ներառված են բազմաթիվ երեք տարբեր չափի ու ձևի տեսք ունեցող իրար նման պատկերներով: Խորհրդանիշի պատկերը կցված է կանոնադրությանը:

21. Կազմակերպությունն ինքնուրույն է որոշում իր կազմակերպական կառուցվածքը, խնդիրները, նպատակները և գործունեության ձևերը:

22. Կազմակերպությունն իրկանոնադրությամբ նախատեսված նպատակները և խնդիրներն իրականացնելու համար, օրենքով սահմանված կարգով իրավունք ունի՝

1) տեղեկատվություն տարածել իր գործունեության մասին.

2) հիմնադրել լրատվության միջոցներ.

3) կազմակերպել և անցկացնել հավաքներ.

4) ներկայացնել և պաշտպանել իր անդամների իրավունքները և օրինական շահերը այլ կազմակերպություններում, դատարանում, պետական կատարման և տեղական ինքնակառավարման մարմիններում.

5) իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն՝ իր կողմից հիմնադրված տնտեսական ընկերությունների միջոցով.

6) օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք բերել, վարձակալել և օգտագործել անշարժ գույք, տրանսպորտային միջոցներ, օրենքով չարգելված այլ գույք.

7) օտարել կամ վարձակալության կամ անվճար օգտագործման հանձնել Կազմակերպությանը պատկանող ցանկացած անշարժ և շարժական գույք,

8) կնքել օրենսդրությամբ չարգելված պայմանագրեր և այլ գործարքներ,

9) ինքնուրույն կազմավորել և տնօրինել իր ֆինանսական ռեսուրսները, այդ թվում՝ փոխառու միջոցների ներգրավմամբ, Հայաստանի Հանրապետությունում և այլ պետություններում ստանալ վարկեր, դրամաշնորհներ, այդ թվում՝ արտարժույթով.

10) իրականացնել ինքնուրույն արտաքին գործունեություն, այդ թվում՝ կնքել համաձայնագրեր օտարերկրյա ոչ կառավարական, ոչ առևտրային կազմակերպությունների հետ, անդամակցել միջազգային հասարակական կազմակերպություններին, իր անդամներին և այլ անձանց գործուղել արտասահմանյան երկրներ, հրավիրել այլ երկրներից քաղաքացիներ, ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ օտարերկրյա պետություններում՝ այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

6. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

23. Կազմակերությունը պարտավոր է ՝

1) ցանկացած ֆիզիկական անձի պահանջով, յոթ օրացույցային օրվա ընթացքում, նրան հնարավորություն տալ ծանոթանալու կազմակերպության կանոնադրությանը.

2) օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում.

3) իր գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունները ներկայացնել կազմակերպության համաժողովի հաստատմանը ոչ պակաս, քան երկու տարին մեկ անգամ՝ ապահովելով այդ հաշվետվությունների հրապարակայնորեն մատչելի լինելը.

4) պետական կառավարման լիազորված մարմնի պահանջով նրան տրամադրել իր բարձրագույն և այլ մարմինների որոշումների պատճեները, Կազմակերպության գործունեության մասին այլ փաստաթղթեր, թույլատրել այդ մարմինների ներկայացուցիչներին ներկա գտնվել Կազմակերպության համաժողովին.

5) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն ու հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններին.

6) առանձնացված ստորաբաժանում կամ հիմնարկ ստեղծելու և կազմալուծելու մասին որոշումներ ընդունելուց հետո՝ մեկ ամսյա ժամկետում դիմել պետական գրանցման մարմին, սահմանված կարգով դրանք հաշվառելու և հաշվառումից հանելու համար.

7) վարել իր անդամների հաշվառումը.

8) առանց լիազորագրի կազմակերպությունը ներկայացնելու իրավունք ունեցող պաշտոնատար անձի և (կամ) կազմակերպության գտնվելու վայրի հասցեի փոփոխման դեպքում, 14 օրացույցային օրվա ընթացքում պետական գրանցման մարմին ուղարկել այդ անձի անձնագրային տվյալները և(կամ) Կազմակերպության գտնվելու վայրի հասցեի մասին տվյալները:

7. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

24. Կազմակերպության գործունեության և կառավարման ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունքը պատկանում է Կազմակերպության բարձրագույն մարմնին՝ համաժողովին:

25. Համաժողովը հրավիրվում է չորս տարին մեկ անգամ: Համաժողովը հրավիրում, դրա անցկացման կարգն ու ժամկետները որոշում է Նախագահությունը: Եթե Կազմակերպության անդամների թվաքանակը անցնում է հարյուրի սահմանը, ապա Նախագահության կողմից սահմանված կարգով համաժողովին կարող են մասնակցել անդամների կողմից ընտրված ներկայացուցչական պատվիրակները՝ յուրաքանչյուր 10 անդամից մեկ պատվիրակի հաշվով: Նախագահությունը որոշում է ժողովի անցկացման օրը, ժամը և տեղը, ինչպես նաև ժողովի օրակարգի նախնական տարբերակը և այդ մասին ոչ ուշ քան 20 օրվանից առաջ պատվիրված նամակով, կամ էլեկտրոնային եղանակով կամ զանգվածային լրատվության միջոցներով կամ օրենքով սահմանված այլ եղանակներով ծանուցում է կազմակերպության անդամներին և կառույցներին:

26. Կազմակերպության արտահերթ համաժողովը հրավիրվում է Կազմակերպության անդամների մեկ երրորդի կամ Կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովի (վերստուգողի) պատճառաբանված պահանջով՝ Նախագահության կողմից՝ պահանջող կողմի հաստատած օրակարգով՝ ոչ ուշ, քան 14 օրացույցային օրվա ընթացքում: Եթե նախագահությունը հրաժարվում է արտահերթ համաժողով հրավիրել, ապա արտահերթ ժողով հրավիրում է պահանջող կողմը՝ կազմակերպության ղեկավար մարմինների հրաժարականի և նոր ղեկավար մարմիններ ընտրելու օրակարգով: Եթե համաժողովը պետք է անցկացվի պատվիրակներով և հնարավոր չի լինում սահմանված ժամկետում պատվիրակներ ընտրել, ապա համաժողովին հրավիրում են նախորդ ժողովի պատվիրակներին: Նախագահությունը որոշում է արտահերթ ժողովի անցկացման օրը,ժամը և տեղը, ինչպես նաև ժողովի օրակարգի նախնական տարբերակը և այդ մասին ոչ ուշ քան 4 օրվանից առաջ պատվիրված նամակով, կամ էլեկտրոնային եղանակով կամ զանգվածային լրատվության միջոցներով կամ օրենքով սահմանված այլ եղանակներով ծանուցում է կազմակերպության անդամներին և կառույցներին:

27. Համաժողովի բացառիկ իրավասության հարցերն են՝

1) Կազմակերպության կանոնադրության հաստատումը և կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելը, նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատումը.

2) Կազմակերպության ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների ընտրությունը, այդ մարմինների կազմի փոփոխումը կամ լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.

3) Կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունների հաստատումը.

4) Կազմակերպության վերակազմակերպման մասին որոշման ընդունումը, գույքի փոխանցման ակտի կամ բաժանիչ հաշվեկշռի հաստատումը, բացի դատարանի վճռով վերակազմակերպումից,

5) Կազմակերպության լուծարման մասին որոշման ընդունումը, բացի դատարանի վճռով լուծարումից,

28. Համաժողովը կարող է հարցեր քննարկել և որոշումներ ընդունել, եթե նրան մասնակցում են Կազմակերպության անդամների կամ պատվիրակների կեսից ավելին: Հարցերի քննարկման ժամանակ որոշումներն ընդունվում են կազմակերպության բոլոր անդամների կամ բոլոր պատվիրակների ձայների պարզ մեծամասնությամբ:

29.Նախագահությունն ընտրվում է համաժողովի կողմից չորս տարի ժամանակով:

Նախագահությունն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի ձևով, որոնք հրավիրվում են Կազմակերպության նախագահի կողմից ոչ ուշ քան վեց ամիսը մեկ անգամ: Նախագահության նիստ կարող է հրավիրվել նաև Կազմակերպության անդամների մեկ երրորդի կամ Կազմակերպության նախագահի պահանջով:

30. Նախագահությունը՝

1) ղեկավարում է Կազմակերպության գործունեությունը՝ համաժողովների միջև ընկած ժամանակաշրջանում.

2) առաջարկություններ է ներկայացնում համաժողովին՝ նրա բացառիկ իրավասությանը վերաբերող հարցերի վերաբերյալ.

3) ընդունում է Կազմակերպության անդամ և ազատում է անդամությունից.

4) Կազմակերպության անդամների նկատմամբ կիրառում է խրախուսանքներ և տույժի միջոցներ.

5) հաստատում է Կազմակերպության նախագահի հաշվետվությունները, այդ թվում համաժողովին ներկայացվող հաշվետվությունը.

6) սահմանում է Կազմակերպության անդամների կողմից անդամավճարի մուծման կարգը, չափերը և ձևերը.

7) ձեռք է բերում, տիրապետում, օգտագործում, տնօրինում, օտարում և դուրս գրում Կազմակերպության գույքը՝ անկախ չափերից և տեսակից.

8) ստեղծում և լուծարում է Կազմակերպության կառուցվածքային միավորումները՝ մշտական գործող հանձնաժողովները՝ այդ թվում, մրցավարական հանձնաժողով, մարզչական հանձնաժողով, լրատվության հանձնաժողով, տեղեկատվական տեխնոլոգիաների հանձնաժողով, գրոսմայստերական հանձնաժողով, վետերանների հանձնաժողով, հիմնարկները, առանձնացված ստորաբաժանումները /մասնաճյուղեր, ներկայացուցիչներ/, ինչպես նաև հաստատում է նրանց կանոնադրությունները (կանոնակարգերը) և նշանակում դրանց ղեկավարներին, հաստատում դրանց կազմը.

9) հաստատում է Կազմակերպության աշխատակազմի հաստիքացուցակը, աշխատողների վարձատրության կարգն ու չափերը.

10) սահմանում է Կազմակերպության ղեկավար մարմիններում ընդգրկված անձանց վարձատրության կարգը և չափը.

11) հաստատում է Կազմակերպության հաշվապահական հաշվառման հաշվետվությունները.

12) իրավունք ունի քննարկել և լուծել Կազմակերպության գործունեությանն ու կառավարմանն առնչվողցանկացած հարց, բացառությամբ համաժողովի բացառիկ իրավասությանը վերապահվածներից.

13) սահմանում է Կազմակերպության կարգապահական կանոնները և հրահանգները.

14) հաստատում է Կազմակերպության վարչակազմակերպական կառուցվածքը, կատարում է փոփոխություններ դրանում, ինչպես նաև՝ հաստատում է ամենամյա ծախսերի նախահաշիվը.

15) ընդունում է որոշումներ Կազմակերպության պաշտոնատար անձանց գույքային պատասխանատվության ենթարկելու մասին.

16) իր կազմից ընտրում է Կազմակերպության փոխնախագահներ.

17) նշանակում է Կազմակերպության գործադիր տնօրենին:

31. Նախագահությունը կարող է հարցեր քննարկել և որոշումներ կայացնել, եթե նրան մասնակցում են իր անդամների կեսից ավելին: Նախագահության որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում նախագահի ձայնը վճռորոշ է:

32. Կազմակերպության նախագահն ընտրվում է համաժողովի կողմից 4 տարի ժամանակով:

33. Կազմակերպության նախագահը.

1) իրականացնում է Կազմակերպության ընթացիկ ղեկավարումը.

2) հրավիրում է Նախագահության նիստեր, վարում նախագահության և համաժողովի նիստերը, կոորդինացնում է Նախագահության և վերստուգիչ հանձնաժողովի գործունեությունը.

3) Կազմակերպության նախագահը պաշտոնն ստանձնում էնախորդ նախագահի լիազորությունների ավարտման օրը:

34. Կազմակերպության գործադիր տնօրենը նշանակվում է Նախագահության կողմից, իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի գործում է Կազմակերպության անունից,տալիս է լիազորագրեր, ներկայացնում է դրա շահերը, տնօրինում է ֆինանսական միջոցները, կնքում է պայմանագրեր, այդ թվում՝ աշխատանքային, կազմակերպության վարձու աշխատողների համար իրականացնում է գործատուի ֆունկցիաներ, տալիս է հաշիվներ, արձակում է հրամաններ, կարգադրություններ:

35. Կազմակերպության փոխնախագահը (փոխնախագահները), որը միաժամանակ Նախագահության փոխնախագահն է, ընտրվում է Նախագահության կողմից՝ 4 տարի ժամկետով, և նախագահի բացակայության ժամանակ փոխարինում է նրան՝ նախագահի կողմից տրված լիազորագրի հիման վրա, կոորդինացնում է Կազմակերպության առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքները:

36. Կազմակերպության նախագահը և ղեկավար մարմնում ընդգրկված այլ անձինք Կազմակերպության կողմից կարող են վարձատրվել, եթե նրանց մշտական աշխատանքի վայրը համարվում է Կազմակերպությունը: Կազմակերպության ղեկավարմարմնում ընդգրկված վերոհիշյալ անձանց վարձատրության չափը սահմանում է Կազմակերպության նախագահությունը:

37. Կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովը (վերստուգողը) ընտրվում է համաժողովի կողմից 4 տարի ժամանակով: Նախագահության անդամները և Կազմակերպության նախագահը չեն կարող լինել Վերահսկիչ հանջնաժողովի անդամներ:

38. Վերստուգիչ հանձնաժողովը (վերստուգողը) իր աշխատանքներն իրականացնում է նիստերի ձևով, որոնք հրավիրվում են տարեկան առնվազն 2 անգամ: Նիստ կարող է հրավիրվել նաև Կազմակերպության անդամերի 20%-ի, հանձնաժողովի անդամների մեկ երրորդի, Կազմակերպության Նախագահի կամ Նախագահության պահանջով:

39. Կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովը (վերստուգողը) կարող է հարցեր քննարկել և որոշումներ կայացնել, եթե նիստին մասնակցում են հանձնաժողովի անդամների 2/3-ը: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է: Եթե վերհսկող մարմինը վերստուգողն է, ապա նա որոշումներ է ընդունում միանձնյա:

40. Վերստուգիչ հանձնաժողովը (վերստուգողը) կարող է Կազմակերպության նախագահից այլ աշխատողներից պահանջել Կազմակերպության գործունեությանն առնչվող ցանկացած տվյալներ և հաշվետվություն:

41. Վերստուգիչ հանձնաժողովը (վերստուգողը) պարտավոր է հաշվետվություն ներկայացնել հանձնաժողովին՝ Կազմակերպության գործունեության, հաշվեկշռի,գույքի պահպանման և այլ ամփոփ տվյալների ստուգման արդյունքների մասին:

8. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԳՈՅԱՑՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ

42. Կազմակերպության գույքը հանդիսանում է Կազմակերպության սեփականությունը:

43. Կազմակերպությունը, որպես սեփականություն կարող է ունենալ անշարժ գույք, տրանսպորտային միջոցներ, սարքավորումներ, դրամական միջոցներ, արժեթղթեր և օրենքով չարգելված այլ գույք: Կազմակերպության անդամը նրա սեփականության նկատմամբ բաժնային իրավունք չունի:

44. Կազմակերպության սեփականության գոյացման աղբյուրներ կարող են լինել՝

1) Կազմակերպության անդամների մուտքի վճարները, անդամավճարները, դրամական և նյութական ներդրումները.

2) բանկերից և վարկային կազմակերպություններից ստացված վարկերը,

3) դրամաշնորհները,

4) բարեգործական ներդրումները, քաղաքացիների և կազմակերպությունների նվիրատվությունները,

5) Կազմակերպության կողմից հիմնադրված տնտեսական ընկերությունների կողմից փոխանցված գումարները,

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ մուտքերը:

45. Կազմակերպության սեփականությունը գտնվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո:

46. Կազմակերպության սեփականությունը կարող է բռնագանձվել միայն դատարանի կողմից՝ օրենքով սահմանված կարգով:

47.Կազմակերպության միջոցները կարող են օգտագործվել միայն կազմակերպչական ծախսերի և կանոնադրությամբ սահմանված նպատակների և խնդիրների իրականացման համար:

48. Կազմակերպության ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմիններում ընտրված անձինք կազմակերպության կողմից կարող են վարձատրվել: Նշված անձանց վարձատրության չափը սահմանում է Նախագահությունը:

9. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ԼՈՒԾԱՐՈՒՄԸ, ԼՈՒԾԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԳՈՒՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

49. Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել համաժողովի որոշմամբ կամ օրենքով սահմանված դեպքերում դատարանի որոշմամբ՝ օրենքով սահմանված կարգով:

50. Կազմակերպությունը կարող է լուծարվել համաժողովի կամ դատարանի որոշմամբ:

51. Համաժողովը կազմավորում է լուծարային հանձնաժողով և օրենքով նախատեսված կարգով սահմանում լուծարման կարգն ու ժամկետները:

52. Կազմակերպության լուծարման ավարտին լուծարային հանձնաժողովը, պարտադիր վճարումներն իրականացնելուց հետո մնացած գույքը, համաժողովի որոշմամբ սահմանված կարգով, օգտագործում է Կազմակերպության կանոնադրական նպատակների և խնդիրների իրականացման համար, իսկ, եթե դա հնարավոր չէ, փոխանցում է պետական բյուջե:

Սույն կանոնադրությունը կազմված է «31» մարտի 2016թ. և բաղկացած է 11 թերթից: