Լրագրողների միջև շախմատի 5-րդ մրցաշար


Այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն անցկացվեց լրատվամիջոցների ներկայացուցիչների միջև շախմատի 5-րդ մրցաշարը՝ Երևանի շախմատի ֆեդերացիայի, Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի և ID բանկի համագործակցությամբ:

Մրցաշարի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան և մասնակիցներին հաջողություն մաղթեցին Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահության անդամ, ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանը և Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:
Մասնակիցների թվում էին տարբեր ԶԼՄ-ներ ներկայացնող 15 լրագրողներ: Մրցաշարն անցկացվեց ՖԻԴԵ-ի արագ շախմատի կանոններով, շվեյցարական մրցակարգով, 7 խաղափուլով:
Մրցաշարի գլխավոր մրցավարն էր Երևանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, միջազգային մրցավար Նորայր Քալանթարյանը։
Անզիջում պայքարում, 7 հնարավորից վաստակելով 6 միավոր, ԶԼՄ-ների միջև շախմատի 5-րդ մրցաշարի հաղթողի կոչմանն արժանացավ Սուրեն Բաղդասարյանը /«Ֆուտբոլ +» շաբաթաթերթի հիմնադիր, գլխավոր խմբագիր/, ով նաև մրցանակ ստացավ հատուկ անվանակարգում՝ կամքի ուժ դրսևորելու համար։
Մրցանակային 2-րդ հորիզոնականը 7-ից 5,5 միավորով գրավեց Արա Մովիսյանը /«02» շաբաթաթերթի խմբագիր/, իսկ մրցանակային եռյակն ամփոփեց նախորդ 4 մրցաշարերի հաղթող Վադիմ Մկրտչյանը /«Գոլոս Արմենիի» թերթի սպորտային թղթակից/, ով, 7-ից 5,5 միավորով, միայն լրացուցիչ ցուցանիշներով զիջեց 2-րդ հորիզոնականը գրաված Արա Մովսիսյանին։
Հատուկ անվանակարգերում մրցանակներ ստացան․
• Ռուբեն Մարգարյանը /«Գոլոս Արմենիի» թերթի թղթակից/ - 4-րդ տեղը գրավելու համար
• Մարիամ Մարգարյանը /Journalist.am կայքի լրագրող/ - ամենագեղեցիկ հաղթանակի համար
• Ռոբերտ Նազարյանը /Razminfo.am կայքի լրագրող/ - ամենաարագ հաղթանակի համար
• Արթուր Բունիաթյանը /«Ասպետ» թերթի խմբագիր/ – որպես ամենատարեց մասնակից
Մրցանակաբաշխությանը հաղթողներին մրցանակներ հանձնեց գրոսմայստեր, Երևանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Զավեն Անդրիասյանը:
Հատուկ անվանակարգերում հաղթողները միջոցառման հովանավորի կողմից պարգևատրվեցին գավաթներով, իսկ 1-3-րդ տեղերը զբաղեցրած մրցանակակիրները նաև պատվոգրերով, մեդալներով և գումարային մրցանակներով:
Մրցաշարի արդյունքներին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ՝ հետևելով հղմանը․
http://chess-results.com/tnr494279.aspx?lan=1&art=1


Ընկերական խաղ՝ Սուրեն Բաղդասարյան - Մխիթար Հայրապետյան


Մրցաշարի ֆոտոշարքը՝ այստեղ