Գագիկն ու Բենիկն իրենց շախմատային հաջողությունների մասին պատմում են առանց ավելորդ հպարտության: Իսկ մինչ այդ հարազատ Մալաթիա-Սեբաստիայի շախմատի մանկապատանեկան մարզադպրոցի բակում որոշում են մրցել միմյանց հետ, բայց այս անգամ ոչ ավանդական ձեռքսեղմամբ: Արագ սկզբնախաղից հետո մտածում ու մեկ-մեկ էլ հարցերին են պատասխանում: Գագիկը, փաստորեն, խաղաքարերից նավակն է սիրում. այն դարձրել է իր շախմատային կեղծանունը, նաև ասոցացնում է իր ազգանվան հետ՝ Նավոյան: Իսկ ահա Բենիկը ավելի շատ սիրում է ձիով խաղաղ: Դե արդեն գուշակեցիք՝ Տիգրան Պետրոսյանի պես:
Ոչ-ոքիից հետո արդեն սկսում են հանգիստ
սրտով խոսել: Գագիկը շախմատում կարևորում է երկու հանգամանք՝ հակառակորդին հարգելն
ու ֆիզիկապես և մտքով շուտ չհոգնելը: Բենիկը հավելում է՝ պետք է զգոնությունը չկորցնել
ու ժամանակից շուտ չուրախանալ: Շախմատիստ ընկերներն իրար նաև շախմատում են փոխլրացնում:
Գագիկը, օրինակ, իրեն հարձակողական ոճի շախմատիստ է համարում՝ ճիշտ Ռոբերտ Ֆիշերի պես,
ով իր համար բոլոր ժամանակների ամենասիրելի շախմատիստն է: Իսկ Բենիկը, ինչպես երևի
արդեն նկատեցիք, շատ հաճախ հաղթում է պետրոսյանական պաշտպանողական խաղաոճով: Ասում
է՝ իր խաղերն էլ միշտ հանգիստ են, չի շտապում ու պաշտպանվելու վարպետության նրբություններն
ավելի լավ գիտի:
Խաղատախտակից այն կողմ՝ առօրյայում
էլ շախմատը տղաներին շատ է օգնում. որոշումներ կայացնելուց առաջ երկար են մտածում ու
զարգացած տրամաբանություն ունեն: Պարտվելիս չեն տխրում, մի փոքր սրտնեղում են ու փորձում
սխալների վրա սովորել: Մինչ դասընկերներն ամառային արձակուրդում են, իրենք շախմատ ամեն
օր են պարապում, անգիր գիտեն գրեթե բոլոր շախմատային կայքերն ու տան գրադարանում էլ
գրքերի պակաս չունեն: «Սերգեյ Կարյակինը մեզնից 1 տարի էր մեծ, որ դարձավ պատմության
ամենաերիտասարդ գրոսմայստերը»,-ասում է Գագիկն ու լռում: Ժամանակը ցույց կտա, բայց
ինքը դեռ մեկ նպատակ ունի՝ դառնալ իրոք լավ խաղացող:
Նկարներում ձախից Գագիկն է, աջից՝ Բենիկը, իսկ օրվա տրամադրությունն ապահովելու համար դիտեք մեր վերջին լուսանկարը: