Շախմատը մտածելակերպ է


Անահիտի ու Սոնայի զրույցներն իրենց հասակակիցների զրույցներից շատ են տարբերվում. հիմնական թեման մեկն է՝ շախմատը, շախմատը և էլի շախմատը: Մինչև համավարակն իրենց առօրյան առանց Մալաթիա-Սեբաստիայի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց այցելության գրեթե չէին պատկերացնում: Երբ իրենց սիրելի շախմատային տան բակում դարձյալ խաղատախտակների առջև նստելու հնարավորություն ընձեռվեց, անտեսեցին քամին, ուղղեցին զգեստներին համապատասխանեցված դիմակներն ու խորասուզվեցին խաղի մեջ:


Աղջիկները տանը ևս շախմատին շատ ժամանակ են հատկացնում: Օրեր է լինում, որ Սոնան մինչև տասը ժամ չի կտրվում սիրելի խաղից: Ահա այդպես, ջանք չխնայելով՝ այս տարի Երևանի շախմատի աղջիկների առաջնության մինչև 10 տարեկանների խմբում 1-ին տեղը գրավեց և հնարավոր 9 միավորից հավաքեց 8.5: Սոնան այս հաղթանակը համարում է իր ամենամեծ հաջողությունը: Աշխարհի առաջնությանը մասնակցած շախմատիստուհին գիտի՝ խաղում կարևորը «դուխը չգցելն» է ու պարտվելու պարագայում նորից հաղթելու կամք ունենալը: «Պետք է չընկճվես, շուտ չուրախանաս, սառնարյունություն ցուցաբերես ու դիմադրողականություն ունենաս, որ երկար նստես, կարողանաս մտածել ու զուգահեռ խաղալ»,-ասում է Սոնան՝ պատմելով, որ 5 ժամանոց պարտիաներ էլ է ունեցել:

Անահիտը ևս չկա օր, որ մոռանա շախմատի մասին: Հայրիկի ու եղբոր հետ խաղալուց բացի՝ օրական մի քանի ժամ պարտիաներ է նայում, սկզբնախաղեր սովորում և խնդիրներ լուծում: Նախորդ տարի Հայաստանի մինչև 10 տարեկան աղջիկների շախմատի առաջնությունում 1-ին տեղ գրաված ու Եվրոպայի առաջնությունում 7-րդ հորիզոնականը նվաճած կանաչաչյա շախմատիստուհին նշում է՝ շախմատը միշտ է իր կյանքում լինելու՝ անկախ նրանից, թե ինչ մասնագիտություն կընտրի հետագայում: Բնությունը շռայլ է գտնվել, ու բացի լավ շախմատ խաղալը՝ Անահիտը նաև հիանալի նկարում է: Իր համար շախմատը նախևառաջ մտածելակերպ է: «Պիտի մտածես, որ այս քայլն արեցիր, հաջորդն ի՞նչ ես անելու, հեռատես լինես»,-ասում է ու ընդգծում՝ շախմատը մեկ քայլի խաղ չէ: Ինքն էլ իր խաղերում փորձում է մինչև վերջին վայրկյանը զգոնություն պահպանել ու սովորել նաև պարտված պարտիաներից:

Աղջիկները սիրում են իրենց գիտելիքները մյուսներին փոխանցել: Երբ դիմում են շախմատի որևէ խնդիր լուծելու խնդրանքով, միշտ ցանկանում են բացատրել ու շախմատային լույսը հասանելի դարձնել նաև ուրիշներին:

Հ.Գ. Մեր այս ու նախորդ պատմության պայծառ հերոսների հաղթանակների շնորհիվ Մալաթիա-Սեբաստիայի շախմատի մանկապատանեկան մարզադպրոցը 3 տարի անընդմեջ նվաճել է Երևանի մարզադպրոցների առաջնության փոխանցիկ գավաթը: