Ռոբերտ և Նելլի Գրիգորյանների հետ հարցազրույցը նախատեսել էինք անցկացնել քաղաքային այգիներից մեկում, սակայն եղանակը որոշեց մեր փոխարեն: Կենտրոնի շախմատի դպրոցում հանդիպեցինք ու հենց հարազատ միջավայրում էլ սկսեցինք խաղալ և զրուցել: Այս մարզադպրոցում են Ռոբերտն ու Նելլին կատարել իրենց շախմատային առաջին քայլերը և այժմ էլ իրենց հագեցած առօրյայի մի մասը պարտադիր նվիրում են շախմատին: Ֆիզիկա, մաթեմատիկա, լող… Ռոբերտի նախասիրություններում շախմատը լուրջ մրցակիցներ ունի, սակայն անփոխարինելի ուրախությամբ է հիշում, թե ինչպես 5 տարեկանում լրացրեց շախմատի 4-րդ կարգ: Այժմ ունի 1-ին կարգի 1 միավոր:Ռոբերտը նաև Դյուցազնագրքում է գրանցվել բնական գիտությունների բնագավառում փոքր տարիքից ունեցած գիտելիքների համար, ապա հայտնվել միջազգային հանրագիտարանի «Լավագույնը կրթության մեջ» անվանակարգում, 2018-2020 թվականներին հաղթել է մաթեմատիկայի հանրապետական օլիմպիադաներում և այս տարի արժանացել ՀՀ ԿԳՄՍ նախարարի անվանական կրթաթոշակի:
… Բայց միշտ էլ շախմատի համար ժամանակկա: Ըստ Ռոբերտի՝ պետք է պարզապես հաշվարկները ճիշտ կատարել, լինել հավասարակշռված և էմոցիաներին չտրվել, հակառակ դեպքում դժվար թե շախմատում հեշտ լինի հաղթելը: «Իհարկե, յուրաքանչյուր մարդ էլ պարտվելիս նեղվում է, սակայն հետո գալիս է վերլուծելու և սխալները չկրկնելու ժամանակը»,-ասում է Ռոբերտը ու հավելում՝ չպետք է մտածել, որ հաղթել ես, քանի դեռ խաղը չի ավարտվել:
Եղբորից պակաս տաղանդավոր չէ Նելլին: Այժմ ունի շախմատային 2-րդ կարգ և այս տարի Երևանի աղջիկների առաջնությունում մինչև 10 տարեկանների մրցաշարում գրավել է 3-րդ տեղ: Շախմատից ոչ պակաս սիրում է նաև մարմնամարզությունն ու պարը: Անցած տարի Իտալիայում կայացած գեղարվեստական մարմնամարզության միջազգային մրցաշարում զբաղեցրել է առաջին հորիզոնականը, Վրաստանում և Հայաստանում կայացած միջազգային պարային օլիմպիադաներում դարձյալ եղել է առաջինը: Դժվար է պատկերացնել, սակայն շախմատը մարմնամարզության մեջ Նելլիին շատ է օգնում, հատկապես երբ պետք է գործիքները ճիշտ չափով նետի ու հաշվարկ կատարի: Նելլիի բախտը շատ է բերել. բացի Ռոբերտից՝ ընտանիքում շախմատ սիրում և խաղում են նաև հայրիկն ու պապիկը: Ինքն էլ ընտանեկան ավանդույթները չի խախտում, անգամ եղել է մրցաշարի ընթացքում վատ է զգացել իրեն, բայց հավաքել է ուժերն ու հաղթանակ տարել: