Կարևորը լավ խաղալն է


Տիգրանն ու Գոռը եղբայրներ են: Կենտրոնի շախմատի դպրոցը նրանց համար միայն շախմատային տուն չէ. այստեղ մտքի խաղից բացի՝ սովորում ու ձեռք են բերում ողջ կյանքի համար կարևոր արժեքներ՝ հարգանք միմյանց նկատմամբ, հոգատարություն, աշխատասիրություն և ամուր կամք:

Տիգրանը փոքր եղբոր հետ խաղում է ոչ ինչպես մրցակցի հետ: Երբեմն օգնում է, հուշումներ անում և թույլ տալիս ուղղել սխալ քայլերը: Պատմում է, որ սկզբում ավելի շատ սիրողական էր խաղում, հետո հետաքրքրությունն ավելի մեծացավ, սկսեց առավել լուրջ զբաղվել ու առաջընթաց ունենալ: Դաբաղյանների ընտանիքում գրեթե բոլորն են շախմատ խաղում: Գոռն արդեն 3 տարեկանում գիտեր շախմատային քայլերն ու փայլող աչքերով է հիշում, թե ինչպես 5 տարեկանը լրանալուն պես սկսեց մարզադպրոց հաճախել: Մինչդեռ համավարկը տակնուվրա է արել ողջ աշխարհը, Գոռն ուրախ է. շախմատով սկսել է ավելի շատ զբաղվել, ու ժամանակն էլ միշտ հերքում է: Միակ վատ կողմն այն է, որ չի կարողանում դիմացինի աչքերին նայել ու էմոցիաները որսալ: «Շախմատում կարևորը երկար մտածելն է,-ասում է Գոռն ու ծիծաղելով հավելում,-որը ես չեմ կարողանում»: Իսկ իրականում բոլոր հարցերին պատասխանելիս մի լավ մտածում է ու փորձում հնարավորինս հստակ ձևակերպել մտքերը:


Մարզադպրոցի սենյակում, որտեղ զրուցում էինք, պատերին հայտնի շախմատիստների նկարներն էին փակցված: Եղբայրներն անգամ այս հարցում են իրարից տարբերվում: Տիգրանը սիրում է Ռոբերտ Ֆիշերին ու Միխայիլ Բոտվիննիկին, իսկ Գոռին դուր է գալիս Վիշվանաթան Անանդի խաղաղ, հավասարակշռված խաղը: Բայց ամենից շատ շախմատում կարևորում են աշխատասիրությունը և հայտնի շախմատիստի պես կարծում, որ աշխատասիրությունը հավասար է տաղանդին:

Փոքրիկ շախմատիստները դեռևս մեծ նվաճումների մասին չեն խոսում, այսօր իրենց համար ամենակարևորն ուժեղ խաղալն ու լավ մարդ լինելն է: «Հաղթանակը կարևոր է, բայց ուժեղներն էլ են պարտվում: Կարևորը լավ խաղալն է»,-ասում է Տիգրանն ու հաջորդ պարտիայի համար արագ դասավորում խաղաքարերը: Այս անգամ որոշել է խաղալ սևերով: