Լավագույն ընկերը՝ շախմատ


Աղջիկները հետաքրքիր են խաղում: Նրանց մարզիչը՝ ընկեր Հայկը, հեռվից, բայց չհեռացող հայացքով է հետևում նրանց խաղին ու փորձում մտապահել սաների բոլոր քայլերը: Այս անգամ Դավիթաշենի շախմատի դպրոցի փոքրիկ անկյուններից մեկում հարմարեցրել ենք սեղանն ու դարձյալ շարել խաղաքարերը: Մարզադպրոցի գեղեցկուհիներին ոչ պակաս գեղեցիկ խաղ է սպասվում:

Նարինեն ու Մարիամը շախմատը սիրում են առանձնահատուկ կերպով: Ահա թե ինչու խաղից չեն հոգնում ու միշտ հաճույք են ստանում, անգամ երբ խաղաքարերը երբեմն որոշում են իրենց կողմից չլինել: Սիրելի սպորտաձևի մասին խոսելիս Նարինեն ժպտալով հիշում է, որ երբ նոր էր հաճախում շախմատի, այնքան էլ չէր հավանում, նույնիսկ մի պահ որոշեց՝ շախմատը երևի իրենը չէ: Մեկ տարի թողեց խաղը, բայց խաղը չթողեց իրեն: Դարձյալ վերադարձավ շախմատային աշխարհ, սկսեց նոր թափով սովորել ու առաջընթաց ունենալ: «Գնալով ավելի շատ եմ կապվում շախմատին,-ասում է Նարինեն, նայում դասասենյակի պատերին փակցված պաստառներին ու ավելացնում,- հատկապես ընկեր Հայկը շախմատում մեզ շատ է օգնում»: Այսօր Նարինեն ավելի համարձակ է մտածում իր շախմատային ապագայի մասին. երազում է Հայաստանի չեմպիոնուհի դառնալ ու մասնակցել Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին:

Մարիամն ի սկզբանե էր հասկացել՝ իր ընտրած սպորտը շախմատն է: Ինքն էլ հավակնոտ նպատակներ ունի, օրինակ՝ դառնալ աշխարհահռչակ շախմատիստ, բայց մինչ դա իր համար կարևոր է բարձրորակ խաղ ցուցադրելն ու անընդհատ առաջխաղացում ունենալը: «Երբ շախմատ եմ խաղում, իրոք հաճելի է ինձ համար, որովհետև շախմատը մտածողական խաղ է: Տարբեր ֆիգուրներ տարբեր են քայլում, և դա ինձ դուր է գալիս: Մարդիկ հենց այնպես չեն խաղում, ինտելեկտ են ձեռք բերում, լավ հատկանիշներ: Շախմատը կարծես կյանք լինի, որտեղ պետք է ամեն գնով ինչ-որ իրադրություններից դուրս գալ»,-պատմում է Մարիամը: Այդ իրադրություններից ինքը հիմնականում սիրում է հարձակվելով դուրս գալիս, քանի որ պաշտպանվելը, կարծես թե, իր ոճը չէ: Մրցաշարերի ընթացքում, երբ զգում է՝ հաղթանակը մոտ է, սկսում է ցածրաձայն երգել, իսկ պարտվելիս մտքում անընդհատ կրկնում է. «Ոչինչ, ինքն էլ հաստատ կսխալվի»:

Աղջիկները մասնագիտական կողմնորոշում ևս ունեն. Նարինեն ցանկանում է մաթեմատիկայի ուղղությամբ գնալ, իսկ Մարիամը՝ դառնալ բժիշկ-օրթոդոնտ: Դե, շախմատից հեռանալ չկա, այն միշտ իրենց մտքում է ու անձնական գրասեղանի վրա: Հենց այնտեղից ամեն առավոտ Նարինեն վերցնում է Տիգրան Պետրոսյանի «Գահերի խաղը. ինչպե՞ս հաղթել շախմատում» գիրքն ու բացահայտում հայտնի խաղի անհայտ հնարքները: Շախմատային աշխարհի բացահայտման ճանապարհին աղջիկները որոշել են ուժեղ լինել ու չհանձնվել: