Դավիթը հանձնել էր Ֆիզմաթ դպրոցի ընդունելության քննությունն ու եկել ընկերների մոտ: Քննության ընթացքից չի պատմում. շախմատային միջավայրում դժվար է այլ թեմաներից խոսելը: Շախմատիստ ընկերոջ՝ Միքայելի հետ, Դավթաշենի շախմատի մարզադպրոցում հաճախ են դեմ դիմաց նստում ու իրար հետ մրցում մեկ խաղատախտակ հեռավորությունից:
Տղաների առօրյան արդեն 7 տարի շախմատային է: Հարցին, թե ինչու են սիրում շախմատը, մեկ նախադասությամբ դժվարանում են բացատրել, բայց նրանց հայացքից պարզ է՝ շախմատը սիրում են, որովհետև այն անընդհատ նորը բացահայտելու հնարավորություն է տալիս:Հերթական պարտիայի ավարտին Դավիթը հիշում է ու պատմում, թե սկզբում Միքայելի հետ խաղալիս ինչպես էր անընդհատ նույն սխալը թույլ տալիս, սակայն հիմա որսում է պահն ու խուսափում վրիպումներից: Ահա այդպես, սեփական սխալներից սովորելով և շախմատային ճանապարհին ամուր կամք դրսևորելով՝ պատանի շախմատիստները մի շարք մրցաշարերում ցուցաբերել են փայլուն արդյունքներ: Միքայելը 2018-ին Ջերմուկում կայացած Ստեփան Ավագյանի անվան հուշամրցաշարի մինչև 12 տարեկանների և 2019թ Երևանի շախմատի պատանիների առաջնության մինչև 14 տարեկանների մրցաշարերում զբաղեցրել է 1-ին հորիզոնականը, նախանցյալ տարի մասնակցել է նաև Իսպանիայում կայացած աշխարհի առաջնությանը: Եվրոպայի և աշխարհի առաջնություններին Դավիթը ևս մասնակցել է, իսկ ահա «Ջերմուկ-2018» պատանեկան մրցաշարում և Հայաստանի մինչև 12 տարեկանների կիսաեզրափակիչ առաջնությունում ճանաչվել հաղթող: Տղաները մի շարք այլ կարևոր մրցումներում զբաղեցրել են մրցանակային այլ հորիզոնականներ:
Բոլոր մրցաշարերն էլ հիշարժան են եղել, սակայն մտաբերում են հատկապես այն պարտիաները, որտեղ գեղեցիկ և մտածված են խաղացել: «Երբ թերագնահատում եմ մրցակցիս, սխալ քայլեր եմ անում:Շատ կարևոր է, որ եթե նույնիսկ պարտվում ես, վատ էմոցիաներ չցուցաբերես»,-ասում է Միքայելն ու նայում Դավիթին. նրանք այս մասին հետաքրքիր պատմություն ունեն, սակայն ոչ բոլորին են պատմում:
Իրենց մարզադպրոցում տղաների համար հարազատ է յուրաքանչյուր անկյունը: Հատկապես սիրում են իրենց դասասենյակում տարբեր մարզիկների մասին մոտիվացնող ֆիլմեր դիտել: Դավիթը շատ է հավանել Ֆիշերի մասին պատմող «Զոհաբերելով զինվորին» հայտնի ֆիլմը, Միքայելն էլ ոգևորված պատմում է մարմնամարզուհի Գաբբի Դուգլասի կյանքի և հաջողության մասին պատմող դրաման: Հայտնի էկրանավորումներն ապացուցում են՝ մարդկային կամքի և նպատակասլացության դեմ անհնարին ոչինչ չկա: Երիտասարդ և հեռանկարային շախմատիստներն այս հատկանիշներին տիրապետում են, ուրեմն՝ սպասենք նրանց հաջողության պատմություններին ևս: