Դանիելը ինքնավստահ խաղացող է: Խաղալիս նրա ուշադրությունը դժվար է շեղել, հայացքը խաղաքարերից չի կտրում ու մինչև վերջին վայրկյանը պայքարում է խաղաքարերի հետ ու խաղաքարերի փոխարեն: Արդեն երկու տարի Աջափնյակի շախմատի դպրոցում Դանիելը շախմատ է սովորում ու մարզում միտքը: Մեծ եղբոր՝ Դավիթի հետ, լուռ հետևում ենք Դանիելի խաղին: Դավիթըհաճույքով է դիտում եղբոր բոլոր քայլերը. չէ՞ որ ինքն է նրա համար առաջին անգամ բացել շախմատային աշխարհի դռները: Սակայն Դանիելի օրը միայն շախմատը չէ, որ հետաքրքրացնում է: Որքան էլ զարմանալի է, բրեյք դանսով է զբաղվում ու վստահ է՝ երկուսն էլ սիրում է հավասարաչափ:
Դանիելին հեշտ մրցակից բաժին չի ընկել: Մարիամը 3 տարեկանից խաղալ գիտի, նրան էլ պապիկն է օգնել, ու մինչ օրս ազատ ժամանակ նրա հետ մի քանի պարտիա խաղալու առիթը բաց չի թողնում: Բացի շախմատից՝ Մարիամը նաև համակարգչային խաղեր ստեղծելով ու ծրագրավորմամբ է հետաքրքրված, գեղեցիկ նկարում է ու թղթերով հետաքրքիր պատկերներ ստանում: Շախմատում իր թույլ ու ուժեղ կողմերը գիտի. սխալվում է, երբ անուշադիր է, սակայն Դանիելի հետ խաղում ուշադրության պակաս չկա: Հարազատ մարզադպրոցում 3 տարի շարունակ նրան իր առավելությունները զարգացնել և թույլ կողմերն ուժեղի վերածել են նախևառաջ սովորեցնում: