Հուլիսի 20-ին՝ Շախմատի միջազգային օրը, Երևանի շախմատի ֆեդերացիան և ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը Մելգոնեան համաշխարհային նախաձեռնության հետ գործընկերությամբ կազմակերպեցին շախմատի միջազգային օրվան նվիրված համահայկական առցանց մրցաշար: Էլեկտրոնային ուսուցման գործընկերն էր ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը: Մրցաշարը տևեց 2 ժամ՝ 22 երկրներից ընդգրկելով 850-ից ավելի շախմատիստներ, որոնցից52-ը՝ ՖԻԴԵ-ի տարբեր կոչումներով:
Հիմնական մրցանակը նվաճեց գրոսմայստեր Զավեն Անդրեասյանը, կանանց պայքարում առաջինն էր կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը, մինչև 10, 12 և 14 տարեկանների մրցամարտում համապատասխանաբար հաղթող ճանաչվեցին Գարիկ Շարաջյանը, Գագիկ Նավոյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Էմին Օհանյանը: Վետերանների պայքարում 1-ին տեղը զբաղեցրեց Երևանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, միջազգային վարպետ Նորայր Քալանթարյանը, իսկ մինչև 2000 վարկանիշ ունեցողների շարքում՝ Արամ Վարդանյանը: Բոլոր արդյունքները նախնական են և վերջնականապես կհաստատվեն մրցաշարի ավարտից 48 ժամ հետո:
Հիշեցնենք, որ Շախմատի համաշխարհային օրը հռչակվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից 2019թ. դեկտեմբերի 12-ին միաձայն ընդունված 74/22 բանաձևի հիման վրա, որը ներկայացվել է Հայաստանի կողմից: