Թումոյի այգին Հայկի համար հոգեհարազատ է: Համանուն ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում նա համակարգչային խաղերի ծրագրավորում և ռոբոտաշինություն է սովորում: Սակայն բոլոր հետաքրքրությունների հետևում անզիջում կանգնած են 32 սպիտակ ու սև խաղաքարերը:
Հայկը շախմատ է խաղում արդեն 7 տարի:
Աջափնյակի մարզադպրոցում ստացած գիտելիքների շնորհիվ այսօր ունի 1-ին կարգ և անհամբերությամբ
սպասում է նոր ու հետաքրքիր մրցաշարերի: Ամենասկզբում, ինչպես ամենուրեք ոչ ամեն ինչ
էր հեշտությամբ տրվում: Հատկապես սխալվում էր, երբ մրցակիցներին լուրջ չէր վերաբերվում
ու ճիշտ չէր գնահատում: Սակայն ժամանակի հետ դա էլ ուղղվեց. այժմ սիրում է խաղալ իր
երազանքի շախմատիստների՝ Ֆիշերի, Կասպարովի, երբեմն էլ Տալի պես:
Գագիկը նույնպես Աջափնյակի մարզադպրոցի
սան է: Շախմատը նրա ուղեկիցն է դեռևս մանկապարտեզից: Փոքրուց սիրում էր խաղալ հանգիստ
ու առանց շտապելու, անգամ հասցրել է քույրիկին սովորեցնել: «Շախմատում հաղթանակն ինձ
ուրախացնում է, իսկ երբ պարտվում եմ, ուզում եմ էլի խաղամ ու հաղթեմ»,-ասում է Գագիկը:
Ահա այդպես հաղթելով՝ նվաճել է 1-ին կարգ, սակայն դրանով սահմանափակվել չի պատրաստվում:
Շախմատը միշտ է մտքում, անգամ երբ հեծանիվ է վարում կամ ընկերների հետ արկածներ որոնում: