«Որտեղ կա միտք, գաղափար և պայքար, շախմատը դրա մեջ չի կարող չլինել». Արթուր Դավթյան


Մեր այսօրվա շախմատային զրուցակիցն է ԱԺ պատգամավոր, շախմատասեր Արթուր Դավթյանը:

Առաջին ուսուցիչը՝ հայրս

Շախմատ խաղալ սկսել եմ սովորել դեռ մինչ դպրոցական տարիքը: Այդպես, 6 տարեկանից արդեն շախմատ էի խաղում: Իմ առաջին ուսուցիչը հայրս է եղել, ինքն էլ ինձ տարել է շախմատի դպրոց, որտեղ արդեն ունեցել եմ իմ մարզիչները և ձեռք եմ բերել կարգեր, հասել մինչև սպորտի վարպետի թեկնածուի աստիճանի: Շախմատի դպրոց հաճախել և սպորտով զբաղվել եմ 1982 թվականիցմինչև 1990 թվականը: Նույնիսկ վերջին մրցաշարը, որ 1990 թվականին խաղացել եմ, շախմատ դպրոցի այդ տարվա առաջնության 1-ին տեղն եմ գրավել և ահա այդպես ավարտել եմ շախմատիստի իմ կարիերան: Բայց միշտ շախմատն իմ կյանքում իր դերակատարությունն ունեցել է: Բարձրագույնկրթություն ստանալիս բուհի շախմատի ակումբի 1-ին տեղն էի զբաղեցնում: Իհարկե, հետագայում շախմատ լուրջ չպարապելով, նոր գիտելիքներ չսովորելով, ձեռք չբերելով՝ խաղի որակն ամեն տարի ընկնում է, բայց դե շատ եմ սիրում շախմատ, և եթե առիթ լինում է, պարտադիր փորձում եմ ուժերս:


Շախմատը նախևառաջ դաստիարակում է

Դաստիարակում է մի քանի բան: Պատահական չէ, որ շախմատը խաղում են ժամացույցով: Սովորեցնում է քայլերի պլանավորումը, ժամանակի մեջ դա տեղավորելը, նույնիսկ մտածելու ընթացքում ժամանակը ճիշտ բաշխելը: Շախմատը սուտ չունի, այն ամենաճիշտ խաղն է: Այն յուրաքանչյուրի մտքի թռիչքը կարող է արտահայտել:

Ամենասիրելի նախասիրությունն ու մասնագիտությունը՝ հատկանիշների նույն խաչմերուկում

Շախմատն անձի դաստիարակության մեջ մեծ դեր ունի: Պետք է ինքնուրույն մտածել և որոշում կայացնել: Իմ մասնագիտությունը ոչ միայն իրավաբան լինելն էր, այլ նաև փաստաբան, այսինքն՝ անձի շահերը ներկայացնելը: Փաստաբանական գործունեությունն իրենից մեծ պատասխանատվություն է ներկայացնում: Նույնպիսի պատասխանատվություն ունի շախմատի տախտակի առաջ նստելը, որովհետև յուրաքանչյուր քայլի համար դու կրում ես լուրջ պատասխանատվություն: Քայլդ կարող է լինել ճիշտ, կարող է լինել սխալ, և հետևանքներն էլ դարձյալ դու ես կրելու: Կարծում եմ՝ շախմատը բոլոր բնագավառների հետ զուգահեռներ ունի, որովհետև մտքի խաղ է: Ինչպես ասում են՝ շախմատը գիտություն է, արվեստ և սպորտ:

Շախմատային կուռքս միշտ եղել է և կա Գարրի Կասպարովը: Ես շախմատ խաղացել եմ այն ժամանակաշրջանում, երբ որ Գարրի Կասպարովը աշխարհի չեմպիոնն է եղել: Շախմատիստ, որ երկար տարիներ նվաճել է աշխարհի բոլոր տիտղոսները:

Մտքի խաղի ու քաղաքականության բոլոր ժամանակների կամուրջը

Քաղաքականությունը չի կարող կապ չունենալ շախմատի հետ, որովհետև քաղաքական գործիչները նույնպես իրենց քաղաքական կարիերայի ընթացքում մտածում և քայլերով են առաջ գնում: Շախմատը կառուցված է երեք փուլից՝ սկզբնախաղ, միջնախաղ և վերջնախաղ: Եվ քաղաքական յուրաքանչյուր խնդրի լուծման համար բոլոր քաղաքական գործիչներն էլ, կարծում եմ, իրենց գաղափարի սկզիբն ունեն, թե ինչ են ուզում, միջին վիճակը, թե ինչ են անում, և վերջին վիճակը, թե ինչ արդյունքի պիտի հասնի իրենց վարած քաղաքականությունը: Որտեղ կա միտք, գաղափար և պայքար, շախմատը դրա մեջ չի կարող չլինել:


Իմաստուն խաղը՝ Ազգային ժողովի պատերից ներս

Ազգային ժողովում ունեմ 2 շախմատասեր և շախմատով զբաղվող գործընկերներ՝ Մխիթար Հայրապետյանը և Արտակ Մանուկյանը: Երբ ունենում ենք ազատ ժամանակ և հնարավորություն, ես ու Մխիթար Հայրապետյանը պարտադիր այդ ժամանակն օգտագործում ենք շախմատ խաղալու համար: Ե՛վ ունեցել եմ հաղթանակներ, և՛ պարտություններ, շատ հետաքրքիր մրցապայքարի մեջ ենք մենք:

Բայց ի վերջո, շախմատը կյանքի ուղեկից է

Շախմատը կյանքի ուղեկից է, և շախմատային պատմությունները կյանքի իրական պատմություններ են: Թե՛ հայ ազգի ներկայացուցիչների, թե՛ սկսած աշխարհի առաջին չեմպիոն Վիլհելմ Ստեյնիցից մինչև մերօրյա չեմպիոնը՝ Մագնու Կարլսենը, հետևել եմ շախմատային կյանքին, միշտ հետաքրքիր է եղել: Երբ ես մտնում եմ գրախանութ, պարտադիր երկու բաժին եմ նայում, մեկն իրավաբանական գրքերի բաժինն է, մյուսը՝ շախմատային գրքերինը:


Եվ էլ ինչ շախմատային զրույց առանց պետրոսյանական ֆենոմենի մասին խոսելու

Տիգրան Պետրոսյանն ապահովության երաշխիքների խաղ էր ցուցադրում, իր համար առաջնայինը չպարտվելն էր, հետո նոր, եթե ինքն ուներ դիրք, որը լիներ հավասար, արդեն ձգտում էր հաղթանակի: Նա ամենաքիչ պարտություններ ունեցող շախմատիստն էր իր ժամանակաշրջանում: Ինքն այնպիսի ուժեղ շախմատիստի է հաղթել և դարձելաշխարհի չեմպիոն, ինչպիսին եղել է Միխայիլ Բոտվիննիկը, որը շատ դժվար էր զիջում աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը: Նմանատիպ փորձեր արել են թե՛ Միխայիլ Տալը, թե՛Վասիլի Սմիսլովը, բայց նորից մաչ ռևանշների ժամանակ Բոտվիննիկը կարողացել է հետ նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Պետրոսյանի հետ ինքը նույնիսկ փորձ չարեց, որովհետև արդեն գնահատում էր նրա շախմատային կարողություններն ավելի բարձր, քան իր հնարավորությունները:

Որպես վերջաբան

Ես տեսել եմ շախմատային բումի շրջանը՝ 80-ական թվականների սկիզբն էր, երբ երևի թե ամբողջ շախմատի տան ներսի հատվածը, բակը, հարակից տարածքներն ամբողջությամբ սեղաններ էին շարված, և գրոսմայստերները կարգայիններին և պարզապես շախմատասերներին միաժամակյա խաղի սեանսներ էին անցկացնում, և մենք պետք է ձգտնեք և հասնենք այն ժամանակների այդ իրավիճակին, որ Հայաստանում շախմատը ունենա այն սերը, հարգանքը, մոտեցումը, որ նորից բում ապրի:

Մեր գենի մեջ շախմատը շատ ուժեղ նստած է, մենք ունեցել ենք բազմաթիվ լավ շախմատիստներ և ունենալու ենք: Ես ուղղակի կցանկանամ, որ այն, ինչ որ ես տեսել եմ մանուկ հասակում, երբ շախմատ նկատմամբ մեծ սեր կար և ձգտում էին բոլորը շախմատ խաղալ, տեսնեմ նաև հիմա:


Հ.Գ. Եվ եկեք համաձայնենք, որ կյանքը շախմատ է և շախմատը կյանք է

Իհարկե, շախմատը կյանք է, և կյանքն էլ՝ շախմատ: