Շախմատը, ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում, մեծ ապագա ունի


Սեպտեմբերի 2-ին կայանալիք մրցաշարին ընդառաջ՝ հարցազրույց Արցախի շախմատի ֆեդերացիայի նախագահ Ջիվան Հայրապետյանի հետ:

-Պարո՛ն Հայրապետյան, ողջ հայության համար խորհրդանշական օրը՝ Արցախի անկախության տոնին, Երևանի և Արցախի շախմատի ֆեդերացիաների միջև տեղի է ունենալու առցանց մրցաշար: Ինչպե՞ս ծագեց միտքը, և ինչպիսի՞ն է երկու ֆեդերացիաների միջև համագործակցությունը:

- Քանի որ Արցախի շախմատի ֆեդերացիայի խորհրդի կազմը համեմատաբար վերջերս է փոխվել, համավարակով պայմանավորված դեռևս չենք հասցրել սերտ շփումներ ունենալ այլ շախմատի ֆեդերացիաների հետ։ Սակայն ակնկալվում է և կա պատրաստակամություն կառուցողական համագործակցության։ Իսկ Արցախի անկախության տոնին Երևանի շախմատի ֆեդերացիայի առցանց մրցաշար կազմակերպելու առաջարկն ընդունել ենք սիրով։

-Դուք ամիսներ առաջ եք նշանակվել այս պաշտոնում, սակայն գրեթե ողջ գիտակից կյանքում շախմատը եղել է Ձեր ուղեկիցը: Ինչպիսի՞ ապագա ունի իմաստուն խաղը Արցախում: Հատկապես երիտասարդ սերնդի շրջանակներում հետաքրքրությունը մե՞ծ է:

-Շախմատը, ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում, համոզված եմ, մեծ ապագա ունի։ Երիտասարդների շրջանում հետաքրքրությունը մեծ է։ Խոսքերիս վառ ապացույցն է օգոստոսին կայացած Արցախի շախմատի անհատական կիսաեզրափակիչ առաջնությանը երիտասարդների ակտիվ մասնակցությունը։ 24 մասնակիցներից 18-ը պատանիներ և երիտասարդներ էին։ Հատկանշական է, որ մրցանակային բոլոր տեղերը երիտասարդներ են զբաղեցրել։

-Խոսենք նաև հաջողությունների մասին, որովհետև հաջողության պատմությունները միշտ ոգևորիչ են: Վերջին ընթացքում ո՞րն եք համարում Արցախի շախմատային ամենամեծ ձեռբերումը:

-Ոչ միայն վերջին ժամանակահատվածում, այլ ընդհանրապես Արցախի շախմատային ձեռքբերում կարելի է համարել շախմատի մասսայականացումը, երիտասարդ սերնդի ներգրավվածությունը և հետաքրքրությունը շախմատի հանդեպ։ Ֆեդերացիայի կարևորագույն խնդիրն է այդ հետաքրքրությունը պահպանելն ու Արցախում շախմատային հագեցած կյանք ապահովելը։