Շախմատային իր կյանքից է պատմում ՖԻԴԵ-ի վարպետության թեկնածու Ռոբերտ Փիլիպոսյանը
Ես Ռոբերտ Փիլիպոսյանն եմ
Ինչ ինձ հիշում եմ, խաղատախտակի առջև եմ: 5 տարեկանից սկսեցի շախմատ խաղալ. պապիկն ու հայրիկը շատ էին խաղում, ես նայում էի, ու խաղը ինձ շատ էր դուր գալիս: Այդպես մեկ օր խնդրեցի, որ ինձ տանեն շախմատի խմբակ: 9 ամիս հետո արդեն առաջին կարգային էի: Դա լավ հաջողություն էր ինձ համար: Իսկ հետո ունեցա ավելի մեծ ձեռքբերումներ: Հայաստանի հնգակի չեմպիոն եմ, 2019 թվականի Եվրոպայի առաջնության մինչև 12 տարեկանների մրցաշարի փոխչեմպիոն: Եվ իհարկե, դեռ շատ ճանապարհ ունեմ անցնելու ու ցանկանում եմ հնարավորինս շուտ հասնել իմ ուժերի գագաթնակետին:
Հաղթանակները կարևոր են, սակայն դրանք ծնվում են պարտություններից հետո
Ըստ իս՝ շախմատում ամենակարևորը տաղանդ ունենալն է ու շատ պարապելը: Իհարկե, նաև պետք է ազնիվ լինել, հեշտ չհանձնվել, պայքարել մինչև վերջին քայլը և միշտ մտքում ունենալ, որ հաղթանակները կարևոր են, սակայն դրանք ծնվում են պարտություններից հետո: Հաղթում է նա, ով դասեր է քաղում պարտություններից:
Ինձ համար բոլոր հաղթանակներն էլ հետաքրքիր են, և անկախ ամեն ինչից՝ բոլոր մրցաշարերին խաղում եմ նույն ուժով, եռանդով: Բոլորին էլ շատ լուրջ եմ մոտենում, ինձ համար կարևոր ու անկարևոր մրցաշարեր չկան ու միշտ ձգտում եմ ամենալավ ձևով խաղալ: Շախմատում մրցակցություն միշտ էլ կա, և ամենաթույլին էլ կարող ես պարտվել:
Իմ շախմատային 24/7 կյանքը
Օրս սկսում ու ավարտում եմ շախմատով: Ես ամբողջ օրը շախմատով եմ ապրում, բայց երբեք չեմ ձանձրանում: Զգում եմ, որ դա ինձ և՛ հաճելի, և՛ օգտակար է: Նպատակ ունեմ շախմատն ինձ մասնագիտություն դարձնել: Իհարկե, ուզում եմ հնարավորինս շուտ դառնալ գրոսմայստեր, իսկ այդ ճանապարհին պետք է անմնացորդ աշխատասեր լինել:
Ինձ միշտ ոգևորում են Մագնուս Կառլսենի խաղերը, սակայն ոչ ոքի չեմ ցանկանում նմանվել: Ես ես եմ ու խաղում եմ իմ խաղը, որն ավելի շատ պաշտպանողական ոճի է: Ինձ համար էական չէ, թե ով է մրցակիցս, որովհետև երբեմն պետք է պարզապես սպորտային բախտ ունենալ:
Շախմատային կյանքում և կյանքը շախմատում
Այժմ, երբ մրցաշարերը մեծամասամբ առցանց են, մի փոքր ավելի դժվար է: Խանգարող հանգամանքներ շատ են լինում՝ սկսած ինտերնետի խափանումից, և բոլորս էլ հասկանում ենք, որ ուրիշ ելք չկա: Սակայն շախմատը միայն խաղատախտակի կամ էկրանի առջև չէ: Կյանքում էլ այն շատ օգնում է, հաճախ կարողանում ես ճիշտ քայլեր անել:
Հատկապես սիրում եմ իմ շախմատային դպրոցը, որը գտնվում է Էրեբունի վարչական շրջանում: Շատ եմ սիրում իմ մարզչին՝ Զավեն Անդրիասյանին, որի հետ անցնում եմ իմ շախմատային ուղին: Եվ իհարկե սիրում եմ շախմատը,և այդ սերը բառերով նկարագրելը դժվար է: