Պայքարող, համառ ու կարգապահ շախմատիստը՝ Զավեն Անդրիասյան


Պատմում է միջազգային գրոսմայստեր, Հայաստանի շախմատի կանանց հավաքականի մարզիչ, Երևանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Զավեն Անդրիասյանը:

Մինչև վերջ պայքարելու արվեստը. շախմատում չհանձնվող տեսակ

90-ականների ցուրտ ու մութ տարիներն էին, զբաղմունք քիչ կար: Պապիկս իր ընկերների հետ հաճախ էր խաղում շախմատ, ես մեծ ոգևորությամբ հետևում էի: 5 տարեկան էի, երբ սկսեցի բակում բոլորին հաղթել, ծնողներս ինձ տարան Հ.Գասպարյանի անվան շախմատի մարզադպրոց: Վեց տարեկանում լրացրեցի 1-ին կարգ: Հաջողության հասնելու ճանապարհը հեշտ չէր. ամենօրյա պարապմունքներ, օրական առնվազն 10 ժամ շախմատի մեջ ու շախմատի հետ, բազմաթիվ ուսումնամարզական հավաքներ, մրցաշարեր, տարբեր հետաքրքրություններից ու զվարճանքներից մի փոքր զրկված, որովհետև պետք էր հասնել գերագույն նպատակին (17 տարեկանում դարձա միջազգային գրոսմայստեր): Գիտեք, այստեղ տաղանդը միայն բավարար չէ. առանց աշխատասիրության անհնար է որևէ լուրջ հաջողության հասնել: Բնավորության ուժեղ գծերն էլ պակաս կարևոր չեն՝ չհանձնվել, պայքարել, չկոտրվել, չլինել էմոցիոնալ և իհարկե հույսը դնել միայն քեզ վրա:

Ամենակարևորը և ամենապարտավորեցնողը. ինչպե՞ս դառնալ շախմատային գերտերության մի մասնիկը

Առաջին անգամ Եվրոպայի 16 տարեկանների չեմպիոնությանը հասնելը, կարծում եմ,իմ շախմատային կարիերայի ամենակարևոր կետն էր: Դժվարն առաջինն է, քանի որ մինչ այդ, մասնակցելով Եվրոպայի և աշխարհի առաջնություններին և 6 անգամ վերջին պարտիաներում պատվելով, զրկվում էի մեդալից: Սակայն այդ անգամ ստացվեց: Շատերն ասում են, որ դա իմ հաջողությունների մեջ այնքան փոքր կետ է եղել, և հիմա ոչ ոք չի էլ խոսում այդ մասին: Ես, իհարկե, հաճախ եմ հիշում այդ հաղթանակը, սակայն ամենապարտավորեցնողն աշխարհի 20 տարեկանների չեմպիոն դառնալն էր: Ես այդ ժամանակ ընդամենը 17 տարեկան էի:

Ուրախ եմ, որ Հայաստանում շախմատը շատ տարածված և զարգացած է: Հաճելի է, որ շախմատային գերտերության մի մասնիկն եմ:

Աշխարհի ամենաերիտասարդ գրոսմայստերի հայ մազրիչը

Որպես գործող շախմատիստ հիմա շատ ակտիվ չեմ, վերջին 4 տարիներին նաև մարզչությամբ եմ զբաղվում: Կանանց հավաքականի հետ շատ մոտ էինք օլիմպիական չեմպիոնությանը: Երբևիցե նման արդյունք չէր եղել, ու ընդամենը վերջին քայլերին հաջողությունը երես թեքեց մեզնից: Բայց ամբողջ մրցաշարն օլիմպիական մեդալի համար էինք պայքարում, անգամ Ռուսաստանի հավաքականին հաղթեցինք, որը վերջին օլիմպիադաների հաղթողն էր:

Դե իհարկե, որպես մարզիչ ցանկություններս հավաքականի և իմ անհատական աշակերտների հետ են կապված: Անհատական աշակերտներիցս կարող եմ նշել Եվրոպայի փոխչեմպիոն, ՖԻԴԵ-ի վարպետության թեկնածու Ռոբերտ Փիլիպոսյանին, ՖԻԴԵ-ի վարպետ Էմին Օհանյանին, ովքեր մեծ հույսեր են ներշնչում: Իսկ արտասահմանցի աշակերտներից՝ հնդիկ պատանի շախմատիստ Ռաունակ Սադհվանիին, ով այսօր աշխարհի ամենաերիտասարդ գրոսմայստերն է: Նրա հետ գրեթե 2 տարի է, ինչ աշխատում եմ:

Չկա կարգուկանոն, չկա շախմատ

Ամենակարևորը կարգուկանոնն է, այսպես ասած՝ դիսցիպլինան: Եթե դա չկա, ուրեմն ոչինչ չի ստացվի: Շախմատիստը պետք է շատ կարգապահ լինի, եթե մի փոքր ծուլություն կա մեջդ, ապա դա սովորաբար բերում է անհաջողության: Բայց նաև պետք է ընդունել, որ գրեթե բոլորն էլ ունեն մի փոքր ծուլություն: Շախմատիստի միակ խնդիրը մրցաշարին խաղից չուշանալն է, որն էլի ոչ բոլորի մոտ է հաջողությամբ ստացվում: Ինքս շատ կարգապահ եմ և ամեն ինչի հանդեպ: Դա կարող եմ վստահ ասել:

Նոր սերունդն արդեն եկել է…

Հայաստանում կատարվեց սերնդափոխություն. մեր լեգենդներն էին խաղում՝ Ռաֆայել Վահանյանի գլխավորությամբ, փոխարինման եկավ 80-ականների սերունդը՝ Լևոն Արոնյանի գլխավորությամբ, որը նույնպես փայլեց իր կերտած հաղթանակներով: Նոր սերունդն արդեն եկել է, և այս տարի Հայաստանի բարձրագույն լիգային ես զարմանալիորեն նկատեցի, որ 10 մասնակցի մեջ տարիքային առումով երկրորդ ամենամեծ շախմատիստն էի: Հիմա մենք ունենք Հայկ Մարտիրոսյան, Շանթ Սարգսյան, Մանուէլ Պետրոսյան, Արամ Հակոբյան, Մամիկոն Ղարիբյան, Արթուր Դավթյան, Ռոբերտ Փիլիպոսյան, Էմին Օհանյան, ամենափոքրերի մեջ՝ Գագիկ Նավոյան և այլոք:

ՖԻԴԵ-ն պետք է փորձի շախմատը օնլայնից բերել օֆլայն տիրույթ

Միշտ եղել եմ այն մտքին, որ առցանց շախմատը ժամանց է: Համավարակի այս օրերին այն խաղալու հնարավորություն է: Երբ վերջերս կազմակերպվեց օնլայն օլիմպիադա, մտածում էինք, որ ՖԻԴԵ-ն պետք է պատշաճ մակարդակով անցկացնի այն, սակայն մրցաշարի ընթացքում առաջացան մի շարք խնդիրներ, որոնք մեծապես կապված էին մրցաշարի կանոնադրությունում առկա էական բացերի հետ: Նախ ՖԻԴԵ-ն օլիմպիադայի անցկացման հարթակ ընտրեց chess.com կայքը, որն այսօր առաջատարն է համաշխարհային շախմատային օնլայն հարթակում և գերծանրաբեռնված է: Նույնիսկ կանոնավոր մրցաշարերում պարբերաբար խնդիրներ են լինում, և, իմանալով այս ամենը, ՖԻԴԵ-ն գնաց այդ քայլին և չապահովեց մասնակիցների այսպես ասած անվտանգությունը: Մինչ Հայկ Մարտիրոսյանի դեպքը՝ մեր հավաքականը խմբային փուլերում 4-5 անգամ բախվել էր նման խնդրի, բայց դրանց մեծ ուշադրություն չէր տրվել: Գաբրիել Սարգսյանը, Աննա Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը տարբեր խաղերի ընթացքում սերվերի հետ խնդիրներ են ունեցել, կորցրել են 2-3 րոպե, իսկ այդպիսի ժամակարգով խաղերի ընթացքում յուրաքանչյուր րոպեն չափազանց կարևոր է: Կարելի է ասել՝ այդ րոպեները գողացվել են նրանցից: Մեր շախմատիստները մշտական ինտերնետ հասանելիություն են ունեցել, որևէ խափանում չի եղել, խնդիրը միայն սերվերի հետ է եղել: Նույնիսկ ՖԻԴԵ-ն և chess.com-ն ընդունեցին, որ Հայաստանի հավաքականն ունեցել է կանոնավոր ինտերնետ կապ: Մենք, իհարկե, բոյկոտեցինք և որոշեցինք չմասնակցել Հնդկաստանի հետ 2-րդ մրցախաղին: Մեր դժգոհությունը կրկնապատկվեց, երբ եզրափակչում նույն իրավիճակում ՖԻԴԵ-ն կիրառեց երկակի ստանդարտ (կարծում եմ բոլորն արդեն գիտեն ինչ տեղի ունեցավ): Անշուշտ, դատապարտելի է նմանօրինակ խտրական վերաբերմունքը մեր երկրի և ազգային հավաքականի հանդեպ:

Պրոֆեսիոնալներին պետք է մեծ ուշադրություն դարձնել

Կարևոր է, որ շախմատով զբաղվող անհատի տան միջավայրը հօգուտ շախմատի լինի: Պետության աջակցությունն էլ անկասկած պետք է լինի, իսկ հիմքում՝ պետություն-ֆեդերացիա համագործակցությունը: Պրոֆեսիոնալներին պետք է մեծ ուշադրություն դարձնել:

Գիտեք, հայկական շախմատում սպասելիքները մեծ են, որովհետև մենք ունենք շախմատային պատմություն և ավանդույթներ: Աշխարհում միջին վարկանիշով մենք մշտապես առաջին տասնյակում ենք՝ 5-6-րդ հորիզոնական: Իսկ ինչու՞ ոչ 4-րդ կամ 3-րդ, պատճառներն ակնհայտ են: Կան գերտերություններ, որոնց բնակչության թվաքանակն անհամեմատ մեծ է, բայց միևնույն ժամանակ 4-5-րդ հորիզոնականների հետ մեր տարբերությունն այնքան չնչին է, որ կարող եմ ասել՝ չենք էլ զիջում: Այստեղ կարևոր է նկատի ունենալ, որ Հայաստանի դրոշի ներքո խաղացել և խաղում են բացառապես հայեր:

Հ.Գ. Հիմա գրեթե անհնար է պատկերացնել իմ կյանքն առանց շախմատի: Մի բանում եմ վստահ, եթե շախմատից դուրս լինեի, կլինեի տվյալ ոլորտի առաջատարներից մեկը, որովհետև պայքարող եմ, համառ եմ, 2-րդ պլանում չեմ սիրում լինել, որովհետև ես Զավեն Անդրիասյանն եմ:


Լուսանկարահանումն անցկացվել է «Զանգակ» գրատանը: