Հասկանալով շախմատային լեզուն. Ժորես Միտոյան


Ժորես Միտոյանը Էրեբունու շախմատի մարզադպրոցի սան է: Իր մասին շատ խոսել չի սիրում, կարծում է՝ իր խաղերը կպատմեն բառերից ավելին: Շախմատով զբաղվում է արդեն 5 տարի, առաջին տարում նվաճեց բոլոր կարգերն ու սկսեց մտածել մեծ հաղթանակների մասին: Ժորեսը վստահ է, իր շախմատային կարիերայում բեկումնային դեր է ունեցել իր մարզիչը՝ միջազգային վարպետ, ՖԻԴԵ-ի մարզիչ Յուրի Համբարձումյանը: Պատանի շախմատիստը կարևոր է համարում երկու անգամ Հայաստանի առաջնությունում եզրափակիչ անցնելն ու Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճելը:


«Մյուս տարի Հայաստանի առաջնության ընթացքում ցանկանում եմ իմ տարիքային խմբում առաջին եռյակում լինել»,-ասում է Ժորեսն ու հավելում, որ չնայած օնլայն շախմատն այս օրերին օգնում է չկտրվել խաղից, բայց միևնույն է, իրական մրցաշարերին այն երբեք չի փոխարինի: Իսկ այդ մրցաշարերին ինքը միշտ մեծ պատասխանատվությամբ է պատրաստվում՝ կարևորելով կանոնավոր ռեժիմը, հոգեբանական զսպվածությունն ու զգոնությունը:


«Առցանց շախմատում հոգեբանական գործոն համարյա չկա, միայն տեսնում ես դիմացինի խաղաքարերի շարժը»,-ասում է Ժորեսը: Իր համար այդ խաղաքարերից յուրաքանչյուրը սեփական առանձնահատկությունն ունի, մնում է շախմատիստը ճիշտ օգտագործի դրանք ու հասկանա նրանց շախմատային լեզուն: