«Շախմատային անցուդարձ» շարքի շրջանակում զրուցել ենք շախմատի մարզիչ Վարդան Մելքոնյանի հետ։ Նա պատմել է, թե ինչպես առաջին անգամ նստեց շախմատի խաղատախտակի առջև, տարվեց դրանով ու որոշեց, որ միշտ պետք է շախմատ խաղա։
Շախմատային առաջին քայլը
Մեր ընտանիքում մաթեմատիկային մեծ կարևորություն էին տալիս, և ես էլ մաթեմատիկական թեքումով դպրոց էի հաճախում։ Չեմ հիշում, թե ինչպես որոշում կայացրի շախմատ խաղալ, բայց գիտեմ, որ ինչ էլ լիներ, ես հաստատ շախմատ կխաղայի, որովհետև ընտանիքումս ճգրիտ գիտություններին մեծ տեղ էին տալիս։ 7 տարեկանում Պիոներ պալատ գնացի, սկսեցի շախմատ խաղալ, բայց այն հնարավորությունները չկային, ինչպես հիմա է։ 1 տարի գնացի շախմատի, 4-րդ կարգ ստացա ու դրանից հետո 2 տարի չխաղացի շախմատ։ Խաղի նկատմամբ հետաքրքրությունս նորից աճեց, երբ իմացա, որ մանկությանս ընկերը շախմատ է սովորում Շիրվանզադեի անվան դպրոցում։ Ես էլ սկսեցի գնալ այդ դպրոց ու շախմատ խաղալ։ Որոշել էի, որ պետք է դառնամ աշխարհի չեմպիոն։
Ինչո՞ւ չդարձա աշխարհի չեմպիոն
Որոշել էի, որ պետք է դառնամ աշխարհի չեմպիոն, բայց շախմատ սկսեցի ուշ խաղալ՝ ընդհատումներով։ Երբ դարձա 12 տարեկան, ունեցա 1-ին կարգ, մասնակցում էի տարբեր մրցաշարերի, ես ապրում էի շախմատով ու մեծ նպատակներ ունեի։ Որոշ ժամանակ անց ես հասկացա, որ շատ ժամանակ եմ արդեն կորցրել։ Երբ սկսում ես շախմատ խաղալ ու որոշում ես, որ պետք է հաղթանակներ գրանցես այդ ոլորտում, պետք է հասկանաս, որ շախմատը պետք է քեզ ուղեկցի քո ամբողջ կյանքում։ Պետք էր ամեն օր շախմատ խաղալ։ Ես այս ամենը ուշ հասկացա, որովհետև նախ մեր ժամանակ ճիշտ մոտեցում չկար, այդքան մեծ կարևորություն չէր տրվում շախմատին։ Հիշում եմ, որ այդ ժամանակ էր, երբ մտա տուն ու մորս ասացի, որ չեմ կարող դառնալ աշխարհի չեմպիոն, որովհետև շատ եմ ուշացել։
Բայց դարձա շախմատի մարզիչ
Այստեղ էլ ամեն ինչ պատահականության վրա էր։ Մի անգամ մի երեխայի շախմատ խաղալ սովորեցրի, հետևեցի նրան, պրոֆեսիոնալ մոտեցում էի ցուցաբերում։ Եվ, ի հաջողություն մեզ, նա շատ լավ, լուրջ հաջողություններ գրանցեց։ Հետո Հայաստանում բացվեցին շախմատային դպրոցները և սկսեցի ակտիվ մարզչական գործունեությամբ զբաղվել։ Արդեն 7 տարի է, ինչ շախմատի մարզիչ եմ։
Շախմատը հաճույք է
Շախմատիստները շատ են սիրում ազարտը: Ընդհանրապես, ես սիրում եմ բոլոր խաղաձևերը։ Ցանկացած խաղային զբաղմունք շախմատիստներին հետաքրքիր է, մանավանդ, երբ այն տրամաբանական է։ Այդ ազարտն է, որ առաջ է տանում շախմատիստներին։ Մեծ բավականություն ես ստանում մրացաշարի ընթացքից, խաղային ապրումներից, որոնցից նաև տանջվում ես։ Մեծ բավականություն ես ստանում, ուզում ես միշտ դրա մեջ լինես։ Հիմա էլ երեխաները մրացաշարերի ժամանակ բավականին ոգևորված են լինում, որովհետև շախմատը նաև արդար խաղ է։ Եթե մյուս սպորտաձևերում հնարավոր են սխալներ, մրցավարի անուշադրություն, շախմատում դրա հավանականությունը հասցված է 0 տոկոսի։
Հին ու նոր շախմատի մասին
Պրոֆեսիոնալիզմ չկար մեր ժամանակ, հիմա շախմատ խաղում են ամենուր: Շախմատը, կարելի է ասել, Հայաստանում հիմա N1 մարզաձևն է։ Մեր ժամանակ նման բաներ չկար, ամեն ինչ սիրողական մակարդակի վրա էր։ Խորհրդային միության տարիներին, եթե երեխան ցանկանում էր շախմատային ասպարեզում որևէ հաջողության հասնել, պետք է շատ խոչընդոտներ հաղթահարեր։ Ծնողները պետք է հստակ պատկերացնեին շախմատային աշխարհը, որպեսզի երեխաներին կարողային ճիշտ ուղղորդել։ Ամեն ինչ հիմնված էր պատահականության վրա, եթե ունեիր ուժեղ ընդունակություններ, կկարողանայիր հաջողություններ գրանցել շախմատում։ Հիմա կարող է նույնիսկ ծնողը չիմանա էլ, թե իր երեխան ինչպես դարձավ Հայաստանի ուժեղագույն շախմատիստներից մեկը, որովհետև հիմա պրոֆեսիոնալ մոտեցում կա։
Շախմատը դաստիարակում է
Շախմատիստների հետ շփումն է հաճելի։ Ես իմ աշակերտների ծնողներին միշտ ասում եմ, որ ամենամեծ բանը, որ ձեր երեխաները շախմատից ստանում են, դա ծանոթություններն են։ Երեխաները շփվում են բազմաթիվ շախմատիստների հետ, նրանք բարեկիրթ են, խնդիրներ չեն ստեղծում, շախմատը, ընդհանուր առմամբ, դաստիարակում է երեխաներին։ Հնարավոր է՝ նրանք չդառնան շատ մեծ շախմատիստներ, բայց նրանք կյանքի շատ մեծ փորձ են ձեռք բերում շախմատ խաղալիս։
Կոմբինացիաներ ու խորամանկ հնարքներ
Փոքր տարիքում ունեի շախմատային սիրելի հնարքներ, որոնք կիրառում էի խաղալիս։ Սակայն, երբ սկսում ես ավելի լավ շախմատ խաղալ, ուշադրություն ես դարձնում, թե այդ պահին ինչ դիրքում ես։ Խաղի ընթացքում քո և մրցակցի դիրքային դասավորվածությունն է թելադրում, թե ինչպես պետք է խաղալ։ Այստեղ շախմատային կոմբինացիաները գուցե չօգնեն։ Միխայիլ Տալը շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոնն էր, նրան անվանում էին կոմբինացիոն ոճի շախմատիստ, իսկ Տիգրան Պետրոսյանին՝ հակառակը։ Նա չէր սիրում կոմբինացիաներով խաղալ, բայց եթե պրոֆեսիոնալներին հարցնեք, կասեն, որ Տիգրան Պետրոսյանը ավելի ուժեղ կոմբինացիոն տեսողություն ուներ, քան Միխայիլ Տալը։ Պետք է խաղալ դիրքի պահանջներով։
Սև, թե՞ սպիտակ
Փոքրերն այս հարցին տարբեր կերպ կպատասխանեն, բայց ինչ-որ մակարդակից հետո կասեն սպիտակ, որովհետև սպիտակը մեկ քայլ առաջ է։ Եթե նայենք վիճակագրությունը, ուժեղ շախմատիստների մոտ հնարավոր է՝ սևով հաղթանակները լինեն 15-20%, սպիտակովը՝ 35%, ոչ-ոքիները՝ 45%։ Նույնիսկ մի քիչ ավելի թույլ շախմատիստը իրենից ավելի ուժեղ շախմատիստի հետ խաղալիս, ցանկության դեպքում, սպիտակով կարող է խաղն ավարտել ոչ-ոքի, իսկ սևով դժվար է։
Պետք է գրագետ խաղալ
Երեխաների հետ պարապելիս միշտ կարևորում եմ գրագետ խաղը։ Նրանք պետք է իմանան թեորիաները, շախմատային տերմինները։ Սկզբնախաղերի ժամանակ նրանք պետք է խաղան դիրքի պահանջներով, գրագետ խաղ ցույց տան։ Շատ քիչ եմ ցույց տալիս ծուղակներ, հնարավոր է թույլերին ցույց տամ, որպեսզի նրանք չընկնեն ծուղակի մեջ։ Հիմնականում պահանջում եմ, որ ճիշտ խաղան։ Շախմատը ճգրիտ գիտություն է, կարող ենք ամեն մի միտք, ամեն քայլ ճգրիտ բացատրել, թե ինչու պետք է այսպես խաղալ։ Ես իմ աշակերտներին միշտ այդպես եմ բացատրում։ Մեթոդներն իրականում տարբեր են, ամեն մարզիչ պարապում է իր մեթոդներով, այդպես է ամբողջ աշխարհում։ Ես շատ եմ կարևորում վերջնախաղը։ Եթե երեխան վերջնախաղը ավելի լավ խաղաց, մնացածն իր մոտ կստացվի։
Որպես վերջաբան. Ի՞նչ անել հիմա և հետո
Գալիս է մի մակարդակ, որ շախմատիստները կարիք ունեն ավելի շատ մրցումների մասնակցել։ Զարգանալու համար քիչ է միայն խաղալ Հայաստանի մրցումներում։ Դրանք քիչ չեն, բայց պետք է ավելի շատ մասնակցել միջազգային մրցումների, խաղալ տարբեր երկրների մրցակիցների հետ։ Մեզ մոտ երեխաները հիմնականում խաղում են նույն մրցակիցների հետ, բայց նրանց զարգացմանը ավելի շատ կնպաստի, երբ ավելի շատ մասնակցեն միջազգային մրցաշարերի։ Սրա համար էլ ֆինանսներ են պետք, բայց ծնողներն էլ այդքան չեն կարող աջակցել։ Ես կարծում եմ, որ այն երեխաները, որոնք աչքի են ընկնում շախմատում, լավ ցուցանիշներ ունեն, իրենց պետք է ուղարկել միջազգային մրցաշարերի, որպեսզի կարողանան ավելի լավ խաղալ։