«Շախմատում հաջողության հասնելու համար կարևոր է նաև ծնողների դերը». Հայկ Խաչիկյան


«Շախմատային անցուդարձ» թեմայի շրջանակում զրուցել ենք շախմատի մարզիչ Հայկ Խաչիկյանի հետ: Նա պատմել է, թե ինչպե՞ս շախմատն իրեն գտավ, ի՞նչ անել հաղթանակներից ու պարտություններից առաջ ու հետո, և ինչպե՞ս մոտիվացվել:

Ոչ թե ես, այլ շախմատը գտավ ինձ

Շախմատի հետ շատ ուշ եմ ծանոթացել: Երբ կողքից էի նայում, թե ինչպես են շախմատ խաղում, թվում էր, թե անհետաքրքիր խաղ է: Հետո ամեն ինչ փոխվեց, երբ սկսեցի խաղալ: Քայլերը սովորել եմ 14 տարեկանում, բայց հետագայում շատ մտածեցի, թե ինչը կլանեց ինձ: Ես մասնագիտությամբ նաև պատմաբան և քաղաքագետ եմ, նաև նկարչությամբ եմ զբաղվել: Այս բնագավառներում շատ հաճախ դժվար է տարբերել ճիշտն ու սխալը: Շախմատում ամեն ինչ այլ է: Եթե ընդունակ ես, քո խաղով ապացուցում ես և կարիք չկա այն նաև բառերով ապացուցել: Շատ եմ ամփսոսում, որ ուշ սկսեցի շախմատով զբաղվել, որովհետև պրոֆեսիոնալ դառնալու ժամանակը բաց էր թողնված: Մարզիչով քիչ եմ պարապել, մոտ մի քանի տարի, հետո թողեցի շախմատը, որովհետև համալսարան ընդունվեցի, բանակ գնացի: Այս կերպ շախմատը զարգացած ու մասսայական չէր:

Շախմատը մարզում է

Երբ բանակից վերադարձա, հանրակրթական դպրոցներում շախմատը նոր-նոր մտցվում էր կրթական ծրագրերում: Ինձ առաջարկեցին, որ դաս տամ, բայց երկար մտածեցի այդ առաջարկի շուրջ. պետք էր խորը մտածել, ծանր ու թեթև անել: Ես չէի ուզում լինել այնպիսի մի մարզիչ, որը պետք է պարզապես գնար աշխատանքի ու հետ գնար տուր: Վերջիվերջո սա մեծ պատասխանատվություն է, որովհետև քո ձեռքում էի ապագա շախմատիստների ճակատագիրը, քեզանից է կախված, թե նրանք ինչպիսի ճանապարհով կանցնեն ու ինչ հաջողություններ կգրանցեն: Ես որոշեցի փորձեմ ու ինձ մոտ ստացվեց: Հետո համայնքային դպրոցները բացվեցին և ինձ առաջարկեցին այնտեղ դաս տալ: Շախմատի նկատմամբ հետաքրքրությունս միշտ մեծ է եղել, անընդհատ հետևել եմ մարզաշխարհի նորություններին, գրականություն եմ կարդացել: Գիտելիք և փորձ էի կուտակում, որոնք դարձան մարզչական կարիերայիս հիմքը: Եվ հիմա արդեն 7 տարի է, ինչ շախմատի մարզիչ եմ:

Հաղթանակ ու պարտություն

Երբ ես էի շախմատ խաղում, ինձ համար հետաքրքիր էր ընթացքը: Պարտությունները ծանր չէի տանում: Երևի տարիքից էր: Չկա մեթոդ, որը կիրառելի է բոլորի համար: Շախմատը անհատական մոտեցում է պահանջում: Երեխաներ կան, որոնց մոտիվացնելու խնդիր չեմ ունեցել, բայց ունեմ նաև աշակերտներ, որոնք ծանր են տանում պարտությունները: Աշակերտներիս հոգեբանորեն ուժեղացնում եմ մինչև մրցաշարը: Նրանք պետք է պատրաստ լինեն ցանկացած սցենարի: Ես շախմատի պատմություններից օրինակներ եմ բերում, ֆիլմեր ենք դիտում, որովհետև տեսնում ենք, թե ինչպես են մեծ շախմատիստները անցել տարբեր փորձությունների միջով:

Ինչպե՞ս մոտիվացվել

Շատ մեծ է ծնողների դերը: Եթե ծնողը երեխային հայտնի, որ վատ արդյունքների դեպքում կհանի շախմատից, մենք ապագա չենք կարող խոստանալ: Պետք է ձևեր գտնել, թե ինչպես երեխային մոտիվացնել: Երեխաներ կան, որոնք պարտությունից հետո փորձում են հաջորդ անգամ հաջողության հասնել: Պետք է բերել մի վիճակի, որ հաղթանակի կամ պարտության դեպքում երեխայի կյանքում ինչ-որ մի բան փոխվում է: Եթե երեխաները խաղացին և իրենց համար հաղթանակի կամ պարտության զգացումը տևեց մի քանի ժամ, մեծ հաջողությունների գրավական չէ: Հնարավորության դեպքում հանդիպումներ եմ կազմակերպում Հայաստանի ուժեղագույն շախմատիստների հետ, որովհետև այդ շփումներն էլ են օգտակար:

Շարունակելի...