​Երևանում կանցկացվի Yerevan Open շախմատի միջազգային մրցաշարը


Աշնանը Երևանում շախմատային տրամադրություն կտիրի։ Երևանի շախմատի ֆեդերացիան այս տարի կանցկացնի Yerevan Open միջազգային մրցաշարը, որին կմասնակցեն 15 երկրների ուժեղագույն շախմատիստներ։

«Այս ծավալով, այս մասշտաբներով և տարբեր երկրների այսչափ ներգրավմամբ բացառիկ է լինելու։ Դեռևս 2020 թվականին՝ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, նախատեսել էինք անցկացնել, բայց համավարակի պատճառով, ցավոք սրտի, մրցաշարը չկայացավ։ Արդեն այս տարի աշնանը այն կայանալու է։ Այս անգամ նույնպես Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ 22 միլիոն դրամ է հատկացվել Ֆեդերացիային՝ անցկացնելու Yerevan Open-ը», - ասաց Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը։

Հիմա ֆեդերացիայում Երևանի շախմատի մանկապատանեկան դպրոցների տնօրենների և մեթոդիստների հետ քննարկում են մրցաշարի անցկացման ձևաչափն ու հետագա անելիքները։ Yerevan Open-ը կհյուրընկալի 250 շախմատիստի։

«Նախատեսում ենք, որ կունենանք բարձր որակավորում ունեցող բավականին, մոտ 50 միջազգային կոչումով մասնակիցներ։ Եթե մեր ծրագրերը կարողանանք իրականացնել, սա կդառնա Հայաստանի պատմության մեջ անցկացված ամենախոշոր մրցաշարը», - ասաց Երևանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Նորայր Քալանթարյանը։

Yerevan Open-ի մրցանակային ֆոնդը 11 միլիոն դրամ է։ Նորայր Քալանթարյանի խոսքով՝ այս միջազգային մրցաշարը կարևոր է Հայաստանի շախմատիստների համար, որովհետև սա ուժերը փորձելու ևս մեկ նոր հնարավորություն է։ Այսպիսով՝ միջազգային մրցաշարը կվերածվի շախմատային յուրահատուկ փառատոնի։ Հետհաշվարկը սկսված է։