«Ես շախմատ սովորեցի սենյակից սենյակ խաղաքարեր բերելով: Հիմա ուզում եմ դառնալ գրոսմայստեր». Ալբերտո Աթոյան



«Շախմատային անցուդարձ» թեմայի շրջանակում այս անգամ զրուցել ենք 1-ին կարգի շախմատիստ Ալբերտո Աթոյանի հետ: Նա պատմել է, թե ինչպես սովորեց տարբերել փիղը` ձիուց, թագուհին` թագավորից: Նպատակասլաց երիատասարդի շախմատային պատմությունը` մեկ հոդվածով:


Ալբերտո Աթոյանը փորձում է լուծել ուսուցչի տված հերթական խնդիրը: Այս մեկը մյուսներից համեմատաբար բարդ է: Մտածելու երկար ժամանակ ունի: Խաղն ընդմիջվում է մեր հարցերին պատասխանելու համար: 11-ամյա 1-ին կարգի շախմատիստը խաղի հետ ծանոթացավ պապի միջոցով: Շախմատ սովորելը վերածել էին ինտերակտիվ խաղի. այդտեղից էլ առաջացավ Ալբերտոյի սերը շախմատի հանդեպ:


«Խաղալ չգիտեի, բայց տանեցիներին անընդհատ խնդրում էի, որ ինձ հետ խաղան: Մի օր պապս որոշեց հետաքրքիր կերպով սովորեցնել ինձ շախմատ խաղալ: Մի սենյակում շախմատի խաղաքարերն էին, մյուսում` ես ու պապս: Նա ինձ խնդրում էր, որ բերեմ խաղաքարերից մեկը: Այդպես սովորեցի անունները և քայլերը», - հիշում է Ալբերտո Աթոյանը:

Պապը հասկացավ, որ թոռը շախմատի հանդեպ մեծ հետաքրքրություն ունի: Ալբերտոն արդեն 4 տարեկանում գիտեր, թե ինչպես են շախմատի խաղում: Պրոֆեսիոնալ շախմատիստ դառնալու համար էլ որոշեց գնալ շախմատի ակադեմիա: Հենց այնտեղ Ալբերտոն սկսեց հմտանալ այս խաղում:


«Ինձ դուր է գալիս խաղաոճը, նրբությունները: Ոչ մի սպորտ շախմատին նման չէ կամ հակառակը: Այն յուրահատուկ խաղ է», - պատմում է նա:

Ալբերտոն հպարտությամբ հիշում է 1 ամիս առաջ տեղի ունեցած մրցաշարը, որտեղ խաղում էր իրենից ուժեղների հետ: Խելացի խաղ ցույց տալով նա կարողացավ լավ արդյունքներ գրանցել:



«Հայաստանի տղամարդկանց կիսաեզրափակիչն էր: Խաղս հաջող էր, անցա հաջորդ փուլ և 6.5 միավոր բերեցի: Այդ մրցումը շատ է տպավորվել: Հետո, երբ նայել եմ քայլերս, տեսել եմ, որ ճիշտ եմ խաղացել, համարյա` անթերի», - անկեղծանում է Ալբերտոն:

Պատանի շախմատիստի համար մեծ չէ տարբերությունը` սպիտակներո՞վ, թե՞ սևերով կխաղա: Բայց ավելի շատ սիրում է խաղալ սևերով:


«Ճիշտ է, առաջին քայլն իրենը չէ, բայց իր նպատակն է անցնել սպիտակին: Վերջնախաղն էլ ավելի հետաքրքիր է. խաղաքարերը քիչ են, հաշվարկները շատ են և սա ամենաբարդ մասն է: Մեկ սխալ քայլ և կարող ես պարտվել», - ընգծում է Ալբերտոն:

Հիմա Ալբերտոն ցանկանում է դառնալ գրոսմայստեր, աշխարհի չեմպիոն: Այդ ճանապարհին դեռ բազմաթիվ մրցաշարեր կան, բայց վստահ է` կհաղթահարի բոլոր դժվարությունները: