«Շախմատային անցուդարձ» թեմայի շրջանակում զրուցել ենք շախմատի մարզիչ Սուրեն Պողոսյանի հետ: Նա պատմել է, թե ինչպես սովորեց շախմատ խաղալ, մասնակցեց մրցաշարերի ու դարձավ շախմատի մարզիչ:
Շախմատի մարզիչ Սուրեն Պողոսյանին շախմատ խաղալ սովորեցրեց հարևան պապը: 8 տարեկան էր, երբ իմացավ, թե ինչ է շախմատը, բայց ժամանակն իր օգտին օգտագործեց: Արագ ընկալեց խաղն ու կորցրած տարիները հետ բերեց:
«10 տարեկանում ստացա 3-րդ կարգ, 12 տարեկանում արդեն 1-ին կարգ էի: Այդտեղից հետաքրքրությունս ավելի մեծացավ խաղի հանդեպ: Մինչև հիմա էլ ինձ հետաքրքրում է, թե ինչպես ֆուտբոլասեր լինելով ընտրեցի շախմատը: Գուցե ինձ մոտիվացրեց այն փաստը, որ բնավորությամբ հանգիստ մարդ եմ», - ասաց Սուրեն Պողոսյանը:
Սուրենը շախմատով սկսեց զբաղվել այն ժամանակ, երբ այն մասսայական չէր և շախմատային կարիերան խոստումնալից չէր: Հիմա, երբ համեմատական է անցկացնում անցյալի ու ներկայի միջև, հասկանում է, որ նոր սերունդը ավելի մեծ հնարավորություններ ունի շախմատային հաջող կարիերա ունենալու համար:
«Ես գիտեի, թե 1-ին կարգից հետո ամեն ինչ ավարտվում է, բայց պարզվում է հենց 1-ին կարգ լրացնելուց հետո է սկսվում ամեն ինչ: Այն դառնում է ավելի հետաքրքիր, հանդիպում ես ուժեղ հակառակորդների, մասնակցում ես լավ մրցաշարերի», - ընդգծում է Սուրենը:
Շախմատիստ մարզիչը հիշում է գրանցած հաջողությունները. Մոսկվայում 2 անգամ զբաղեցրել է առաջին տեղը, եղել է մինչև 18 տարեկանների Երևանի չեմպիոն: Հաջողության պատմություններն այսքանով չեն ավարտվում, մնացածը պատմում է իր աշակերտներին` սեփական օրինակներով մոտիվացնելով և շախմատի հանդեպ սերն ուժեղացնելով.
«Առաջին հայացքից շախմատը ակտիվ խաղ չէ. պետք է լուռ մնալ, կենտրոնանալ: Երեխաների համար խաղը պետք է գրավիչ դարձնել, յուրահատուկ մոտեցում է պահանջում: Միաժամանակ պետք է իմանալ դասական պարտիաները, հետևել շախմատային անցուդարձին, ուսումնասիրել ուժեղագույնների խաղերը: Չեմպիոններից պետք է սովորել»:
Սիրողականից մինչև պրոֆեսիոնալ շախմատ. ծնողները երեխաներին շախմատի տանում են նախ` ուժերը փորձելու, հետո մարզիչը կորոշի կամ խորհուրդ կտա, թե ինչ անել: Բազմաթիվ են դեպքերը, երբ սիրողական շախմատ խաղացող երեխան սկսում է պրոֆեսիոնալ շախմատով զբաղվել.
«Ծնող, երեխա, մարզիչ կապը պետք է շատ ուժեղ լինի: Եթե նայենք վիճակագրությանը, հաջողության են հասնում այն երեխաները, որոնք այս դեպքում խնդիրներ չեն ունենում: Այսինքն` ծնողը, երեխան և մարզիչը պետք է միասին քայլեն: Սա հատկապես կարևոր է սկզբնական շրջանում, որպեսզի երեխան սիրի շախմատը, մոտիվացված լինի»:
Սուրեն Պողոսյանն ընգծում է` շախմատը կարևոր է, այն պետք է սիրել ու վայելել: Շախմատը դաստիարակում է, դարձնում` պարտաճանաչ, ուշադիր և հասուն: