Հուլիսի 9-ին ԱԺ պատգամավոր, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահության անդամ Արտակ Մանուկյանը խորհրդարանի արարողակարգի թանգարանին նվիրեց եվրոպական երկրների խորհրդարանների պատգամավորների շախմատի անհատական և թիմային առաջնության մրցանակը:
Այս տարի առաջին անգամ Եվրոպական շախմատի միության կողմից կազմակերպվել էր եվրոպական երկրների խորհրդարանների պատգամավորների շախմատի անհատական և թիմային առաջնություն: Հայաստանի ԱԺ-ից առաջնությանը մասնակցել են Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, պատգամավոր Մխիթար Հայրապետյանը, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահության անդամ, պատգամավոր Արտակ Մանուկյանն և ԱԺ պատգամավոր, շախմատասեր Արթուր Դավթյանը:
Համավարակով պայմանավորված՝ մրցաշարն անցկացվել է առցանց: Հայ պատգամավորները թիմային մրցապայքարում նվաճել են չեմպիոնական տիտղոսը՝ հավաքելով 13.5 միավոր: Շախմատի առաջնությանը մասնակցել է 14 երկիր:
Հատկանշական է, որ հայ խորհրդարանականների մրցակիցների թվում են եղել նախկինում աշխարհահռչակ գրոսմայստերներ, իսկ այժմ պատգամավորներ Լյուկ Վան Վելին և Վիկտոր Բոլոգանը, վերջինս էլ անհատական մրցապայքարում զբաղեցրել է առաջին հորիզոնականը:
ՀՀ ԱԺ պատգամավոր, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահության անդամ Արտակ Մանուկյանը հույս հայտնեց, որ մրցաշարը կլինի շարունակական և հաջորդ գումարումների խորհրդարանականները ևս կմասնակցեն, ու հաղթական մրցանակները կդառնան ավանդույթ: