ԱԺ պատգամավորները շախմատ խաղացին Զինվորի տան հերոսների հետ


Շախմատի միջազգային օրը շախմատ են խաղում զիվնորներն ու պատգամավորները։ Զինվորի տան «Ռոբերտ Աբաջյանի» անվան սրահում անցկացվել է շախմատային մրցաշար։ Բուժական ու վերականգնողական իրենց առօրյային զինվորները շախմատային ընդմիջում են տվել։ Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Պետրոս Էֆենջյանն ընդգծում է՝ այսպիսի միջոցառումների կազմակերպումը շատ կարևոր է իրենց համար, շփվում են տարբեր մարդկանց հետ։

«Մի ժամանակ շատ էի շախմատ խաղում։ Այս ռազմական դեպքերից հետո մի քանի անգամ փորձել եմ խաղալ, սակայն չէր ստացվում։ Շախմատում կարևոր է, որ ուշադիր լինես։ Կարծում եմ, որ ժամանակի ընթացքում կհարմարվեմ այս խաղին ու առօրյայիս մի մասը կլինի», - ասաց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժում ստացող Պետրոս Էֆենջյանը։

Արդեն 2-րդ տարին է, որ Երևանի շախմատի ֆեդերացիան Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում կազմակերպում է այս միջոցառումը։ Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահի խոսքով՝ նման միջոցառում կազմակերպելու նպատակն այն է, որ փոխեն պատերազմին մասնակցածների առօրյան, այն լցնեն հետաքրքրություններով։

«Այս նախաձեռնության նպատակն է նաև տաղանդներին բացահայտելը։ Այս տղաների մեջ շատ լուրջ շախմատիստներ կան, չեմ բացառում, որ եթե նրանց հետ աշխատենք, ապա հաջողություններ կունենանք», - ասաց Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը։

Զինվորի տանը շախմատի առաջնություն կազմակերպելը բարի ավանդույթ է դարձել։ Շախմատային մրցաշար կազմակերպում են նաև Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրը։ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով՝ շատ կարևոր է, որ տղաներն ուշադրության կենտրոնում են։

«Սպորտում ամենակարևոր էմոցիան հաղթանակն է։ Տղաներն պատրաստվել էին, որ լավ խաղ ցույց տան։ Նրանցից մի մասն էլ կարողացավ հաղթանակ ապահովել», - ասաց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահության անդամ Արտակ Մանուկյանն անկեղծանում է՝ այստեղ կան ուժեղ խաղացողներ։

«Շատ կարևոր է նման միջոցառումների անցկացումը։ Սա լավ ավանդույթ է։ Զինվոր տանն էլ ուժեղ շախմատիստներ կան: Նրանք անցած ու այս տարի էլ լավ արդյունքներ են ցույց տվել. հաղթել են», - ասաց Արտակ Մանուկյանը։

Շախմատային մրցաշարի ավարտին լավագույն արդյունք ցուցաբերածները ստացան շախմատային նվերներ և պատվոգրեր։