«Շախմատային անցուդարձ» թեմայի շրջանակում զրուցել ենք կանանց ֆիդեի վարպետ Աննա Խաչատրյանի հետ:
Աննա Խաչատրյանին շախմատ սովորեցրին Հայաստանի չեմպիոնուհի տատը և շախմատի մարզիչ պապը: Այդպես Աննա Խաչատրյանը շախմատ սկսեց խաղալ 4 տարեկանից:
«Պրոֆեսիոնալ շախմատով սկսեցի զբաղվել 9 տարեկանից: Առաջին մարզիչս Տիգրան Պետրոսյանն էր, իսկ նրա մարզիչը եղել է պապս: Տիգրան Պետրոսյանի մոտ պարապել եմ մինչև 15 տարեկանս», - ասում է Աննա Խաչատրյանը:
Աննա Խաչատրյանը կանանց ֆիդեի վարպետ է, գործակիցը` 2121: Այս արդյունքներին հասել է պապի ու մարզիչի խորհուրդները հաշվի առնելով:
«Երբ պապս շախմատ էր սովորեցնում, միշտ ասում էր, որ պետք է ինքուրույն վերլուծեմ խաղը: Ինքնուրույնությունը ուժեղացնում է: Միայնակ հասկանում ես սխալներդ ու ամեն ինչ ավելի լավ է տպավորվում», - պատմում է Աննան:
Հաղթանակներն ու պարտությունները Աննայի համար վճռորոշ են: Պարտությունների դեպքում հոգեբանական աջակցություն են ցույց տալիս և մարզիչը, և ընտանիքը: Այդ ժամանակ է հատկապես զգացվում նրանց կարիքը: Լավ արդյունքներ գրանցելու համար նա հատուկ գրաֆիկով է պատրաստվում մրցաշարերին:
«Հատուկ գրաֆիկ եմ գծում` ըստ ժամերի: Օգտվում եմ խնդրագրքերից, դրանք պահում են ֆորմայի մեջ, միշտ ուղեղդ աշխատում է, դասական պարտիաների գրքերը գիտելիք են տալիս: Դրանք հատկապես օգտակար են դիրքային խաղերի ժամանակ: Աշխատում եմ լուծել մատեր 3 քայլից, հետո ընկերներիս հետ եմ խաղում, սկզբնախաղեր եմ փորձում», - ասում է Աննան:
Աննան շախմատային գրականությանը մեծ տեղ է տալիս: Ասում է` ապագայում մեծ հաջողությունները կախված են գիտելիքից, որը հետո գործնականում պետք է օգտագործի: