«Շախմատային անցուդարձ» թեմայի շրջանակում զրուցել ենք տասնամյա շախմատիստ Նարեկ Ղազարյանի հետ: Իր տարիքում նա մեծ հաջողությունների է հասել և մեզ պատմել է, թե ինչու՞ և ինչպե՞ս երազանքները դարձրեց նպատակ: Ունի մեծ երազանք, որին հասնելու համար Նարեկը գործադրում է ամեն ջանք:
10-ամյա Նարեկը 2 տարեկանից տարվեց շախմատով: Նախ խաղաքարերը գրավեցին նրա ուշադրությունը, հետո արդեն բուն խաղը:
«Տանը, երբ տեսան, որ հետաքրքրված եմ շախմատով, ուղարկեցին դասերի: Ինձ դուր եկավ այդ խաղը»,- պատմում է Նարեկ Ղազարյանը:
Հիշում է առաջին մրցաշարերը, որոնց մասնակցել է: Նրան չէին ասում, որ մրցույթ է, որպեսզի չլարվի: Գիտեր, թե սովորական խաղ է: Այդպես Նարեկը լրացրեց կարգերը:
«Հանգիստ խաղում էի, չէի լարվում: Հիմա 2063 վարկանիշ ունեմ»,- ասում է Նարեկը:
Նարեկը հիշում է ամենահետաքրքիր խաղը: Առաջին անգամ, երբ լրացրեց 4-րդ կարգը, որոշեց, որ շախմատն իր ապագան է:
«4-րդ կարգս լրացրեցի 8-7.5 միավորով: Ոգևորվեցի և ավելի շատ ցանկացա գնալ շախմատի»,- հիշում է պատանի շախմատիստը:
Նարեկը մրցաշարերին հատուկ է պատրաստվում: Առավել մեծ ուշադրություն դարձնում է սկզբնախաղերին:
«Սկզբնախաղերից է կախված միջնախաղն ու վերջնախաղը: Ավելի շատ սիրում եմ վերջնախաղերը, որովհետև այդ ժամանակ առավել մեծ ուշադրություն և հաշվարկելու ունակություն է պետք», - ընդգծում է Նարեկը:
Նարեկը դպրոցում էլ է լավ սովորում: Սիրում է մաթեմատիկան և բնագիտությունը: Ուզում է նաև ծրագրավորող դառնալ: Նարեկի մեծ երազանքն է դառնալ աշխարհի չեմպիոն, իսկ դրա համար նա կարդում է մեծագույն շախմատիստների գրքերը: