«Շախմատային անցուդարձ» թեմայի շրջանակում զրուցել ենք 9-ամյա շախմատիստ Մանվել Առաքելյանի հետ։ Նա մեզ պատմել է, թե ինչպես մի օր որոշեց թողնել շաշկին ու անցնել շախմատին։ Պատանի շախմատիստի համար այդ օրը ճակատագրական էր։ Հենց այդ ժամանակ էլ նա որոշեց, որ պետք է պրոֆեսիոնալ շախմատիստ դառնա։
Ինտելեկտուալ խաղերի սիրահարը շախմատում մեծ հաջողությունների հասնելու հետևից է գնում։ Մանվել Առաքելյանը 9 տարեկան է, մասնակցել է բազմաթիվ մրցաշարերի ու հիմա վարկանիշը 1999 է։ Հիշում է, թե առաջին անգամ ինչպես որոշեց, որ պետք է շախմատ խաղա։
«Մի անգամ տատիկիս հետ շաշկի էի խաղում, պակիկս տեսավ և ասաց՝ շաշկի չխաղամ, այլ՝ շախմատ։ Սկզբից քայլերը սովորեցրեց։ Շատ հավանեցի խաղը ու որոշեցի, որ պետք է զբաղվեմ շախմատով», - հիշում է Մանվելը։
Պատանի շախմատիստը մի քանի անգամ կրկնելով քայլերը՝ սովորեց, ընտելացրեց խաղն իրեն ու որոշեց, որ իր ապագան շախմատին է պատկանում։ Հիշում է, թե պապն իրեն ինչ խորհուրդներ էր տալիս, երբ սովորեցնում էր խաղը.
«Հիմնականում ասում էր, որ ուշադիր պետք է լինեմ ու արագ չխաղամ։ Այդ խորհուրդը մինչև հիմա կիրառում եմ։ Դա հաջողություն է բերում ինձ»։
Մանվել Առաքելյանը հիշում է իր ամենահետաքրքիր խաղը։ Իրավիճակն էր ստեղծվել, երբ ինքը մոտ էր պարտությանը, սակայն կարողացավ խաղում բեկում մտցնել և հաղթանակը տանել դեպի իր կողմ։
«4-րդ կարգի որակավորման մրցաշարում շատ սխալ խաղացի։ Թագուհուս հարվածի տակ դրեցի, բայց հետո պայքարեցի ու կարողացա հետ բերել կորցրածս։ Մրցակիցս արդեն հանգստացել էր և վստահ էր, որ կհաղթի։ Բայց այդ պատճառով նա սխալներ թույլ տվեց և կարողացա հետ բերել կորցրածս», - պատմում է Մանվելը։
Մանվելը տարբեր խաղաոճեր է նախընտրում, բայց հիմնականում սիրում է զոհաբերություններով խաղալ՝ բաց, խառը դիրքերով։ Ավելի շատ սիրում է միջնախաղը։
«Սկզբնախաղում ամեն ինչ հեշտ է, պետք է զարգացնես խաղը, իսկ միջնախաղում պետք է ծրագիր կազմես, որպեսզի լավ խաղաս», - ասում է շախմատիստը։
Շախմատը Մանվելին նաև դաստիարակել է։ Դարձել է ավելի հասուն և սովորել է պայքարել՝ թեկուզ ամենավատ վիճակում լինելով։ Ունի նաև հոբբիներ, այլ երազանքներ և նպատակներ։
«Ցանկանում եմ դառնալ ծրագրավորող։ Դասարանցիներիցս 5-6 հոգի ծրագրավորմամբ են զբաղվում և ինձ հետաքրքրել է դա»։
Բայց մինչև ծրագրավորող դառնալը, Մանվելն այս տարիքում արդեն իր առջև մեծ նպատակ է դրել, որին պետք է հասնի ամեն գնով։ Նա ուզում է լավագույնս դրսևորել իրեն շախմատային ասպարեզում և դառնալ աշխարհի չեմպիոն: