«Շախմատային անցուդարձ» թեմայի շրջանակում զրուցել ենք 12-ամյա շախմատիստ Անահիտ Մկրտչյանի հետ։ Նրա վարկանիշը 1948 է։ Անահիտը պատմել է իր հաջողությունների, շախմատը սիրելու և դրանով ապրելու մասին։
Անահիտը շախմատ սովորեց մի փոքր այլ կերպ։ Նախ ընտանիքում որոշել էին, որ պետք է իր եղբայրը շախմատով զբաղվի, բայց երբ նկատեցին, որ Անահիտն էլ է շախմատով հետաքրքրված, նա էլ սկսեց հաճախել շախմատի դասերի։
«Փոքր ժամանակ հայրիկս և հորեղբայրս շախմատով էին զբաղվում, որոշեցին, որ եղբորս էլ պետք է տանեն շախմատի։ Ես էլ ցանկացա գնալ նրա հետ։ Փոքրուց հաճելի էր նայել գրոսմայստերների խաղերը», - հիշում է Անահիտը։
Անահիտը հիշում է շախմատային առաջին օրը։ Քանի որ հոր շնորհիվ արդեն գիտեր շախմատ խաղալ, նա շախմատի դպրոցում միանգամից աչքի ընկավ իր ընդունակություններով։ Առաջին օրերին շատ ակտիվ էր։ Այդպես սկսվեց Անահիտի շախմատային ճանապարհորդությունը դեպի ինտելեկտուալ մեծ աշխարհ։
«Երբ 8 տարեկանում գնացել էի Ռումինիա՝ մասնակցելու շախմատային մրցաշարի, խաղի ժամանակ մի այնպիսի քայլ արեցի, որ զարմացա։ Ես ինձանից չէի սպասում, որ նման քայլ կարող եմ անել։ Բոլորն էին զարմացել։ Հետաքրքիրն այն էր, որ վերլուծությամբ առաջինն այդ քայլն էր բերում»։
Նա հարձակողական ոճի շախմատիստ է։ Սիրում է զոհաբերություններով խաղալ, մրցակցին անընդհատ վատ իրավիճակում թողնել։
«Պաշտպանողական դիրքեր չեմ սիրում, որովհետև ասես ճնշված լինեմ։ Ամենասիրածս խաղաքարը ձին է, որովհետև ավելի շատ հնարավորություններ ունի. մատերը ձիով հեշտ է և հաճելի»։
Երբ դեռ նոր էր շախմատ խաղում, պարտությունները շատ ծանր էր տանում։ Հիմա, երբ նման դեպք է պատահում, փորձում է արագ դուրս գալ այդ իրավիճակից, կենտրոնանալ և շարունակել առաջ նայել։ Այդ բնավորությամբ ու ոգիով էլ Անահիտ Մկրտչյանն իր առջև մեծ նպատակ է դրել. դառնալ աշխարհի չեմպիոն։